Խաթարվում է «Պարզ լճի» բնական տեսքն ու էկոհամակարգը. բնապահպաններ

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ահազանգում է «Պարզ լիճ» բնության հուշարձանի տարածքում կատարվող ծառահատումների և շինարարական աշխատանքների մասին:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «ՀՀ  քաղաքացի, լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: Սակայն ի պատասխան այդ ահազանգին` ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները բավարար չեն: Այդ իսկ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Պետք է նշենք, որ քաղաքացի Սարոյանը վերը նշված խնդրով դիմել է նաև Հանրային խորհուրդ և մեր նախաձեռնությանը: Նա մեզ տրամադրել է դեռևս 2012թ.  օգոստոսին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում իր կողմից կատարված լուսանկարները, որոնք նրա կողմից դեռևս երեք ամիս առաջ ներկայացված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ոլորտի աշխատակիցներին: Այս լուսանկարներում ակնհայտ երևում են բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի հետ անհամատեղելի աշխատանքները, ինչի հետևանքով էական վնաս են հասցվում և արդեն իսկ հասցրել են շրջակա միջավայրին, ինչպես նաև խաթարվել է «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը:

Մեր կարծիքով` ակնհայտ խախտված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային պարկի և բնության հուշարձանի պահպանման ռեժիմները: Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության  անգործության հետևանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները:

Այս խնդրի վերաբերյալ մեր նախաձեռնությունը այսօր հարցումով դիմել է բնապահպանության նախարարին համապատասխան պարզաբանումներ և փաստաթղթեր ստանալու նպատակով, որոնք ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնենք հանրությունը»: