Դուբայում քննարկում են ինտերնետի կարգավորման խնդիրը

Դուբայում բացվել է Միջազգային հեռահաղորդակցության գծով համաշխարհային համաժողովը։ Քննարկվելու է ինտերնետի կարգավորման հարցը, որը տարբեր երկրների կառավարությունների շրջանում առաջացրել է մի շարք տարաձայնություններ, հաղորդում է BBC-ն։

Մոտ 200 երկրի ներկայացուցիչներ հանդիպում են Դուբայում՝ վերանայելու միջազգային հաղորդակցության կարգավորման մասին համաձայնագիրը, որը չի թարմացվել ինտերնետի ի հայտ գալու պահից ի վեր։

ՄԱԿ-ը, որը վարում է համաժողովը, հայատարարել է, որ պատվիրակների հիմնական ուշադրությունը հրավիրելու է ցանցի անվտանգության և զարգացող երկրներում կապի ծառայությունների ընդլայնման խնդիրների վրա։

ԵՄ անդամ երկրները և ԱՄՆ-ը մտավախություն ունեն, որ ցանցի պետական կարգավորման սահմանումը կարող է վնասել ինտերնետի զարգացմանը և հեշտացնել ինտերնետ օգտագործողների գործողությունների վերահսկումը։

Google ընկերությունը, որի ներկայացուցիչները նույնպես մասնակցում են միջոցառմանը, նախազգուշացրել է, որ կարգավորումը կարող է սպառնալիք ներկայացնել «բաց» ինտերնետի համար։