Հայտնի են եվրոպական Օսկարի մրցանակակիրները

Շուրջ 2,7 հազ. անդամ ունեցող Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ամեն տարի տարբեր երկրներում է անցնում. հոբելյանական 25-րդն այս տարի անցկացվել է Մալթայում: 

Վերջին քառորդ դարում «Եվրաօսկարը» որոշակի ավանդույթներ է ձևավորել. ի տարբերություն ամերիկյանի՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը չի շեշտադրում շքեղ և մասշտաբային միջոցառման անցկացումը, այլ ձևավորվում է բավական մինիմալիստական ոճով:

Հոբելյանական «Եվրաօսկարի» բացարձակ հաղթող է դարձել 2012թ. Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթող «Սերը»: Ավստրիացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Միխայել Հանեկեի ռեժիսորական այս աշխատանքը մրցանակների է արժանացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում: Ֆիլմի գլխավոր դերակատարներ Էմանուել Ռիվան և Ժան Լուի Տրենտինյանը արարողության մասնակիցներին դիմել են տեսաուղերձով: Ինքը՝ Հանեկեն, դժվարությամբ է թաքցրել հուզմունքը. ռեժիսորին անչափ ուրախացրել է հերթական հաղթանակը:

«Կյանքի ընթացքում նվաճումների համար» մրցանակը շնորհվել է իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչիին: 1987թ. առաջին մրցանակաբաշխության ժամանակ, «Վերջին կայսր» ֆիլմի համար Բերտոլուչին պարգևատրվել էր  հատուկ մրցանակով, ինչի մասին չէր կարող չհիշել դեկտեմբերի 1-ին՝ Մալթայում Վիմ Վենդերսի ձեռքից երկրորդ մրցանակը ստանալիս:

«2012 թվականի բացահայտում» անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի պարգևին արժանացել է նիդեռլանդացի Բուդևիյն Կուլեի «Կովբոյ» ֆիլմը:

Դանիացի կինոռեժիսոր Թոմաս Վինտերբերգի «Որսը» մրցանակ է ստացել լավագույն սցենարի համար՝ հետևում թողնելով ռումինացի Քրիստիան Մունջուին, որի «Բլուրների հետևում» ֆիլմը զարմանալիորեն ներկայացված էր միայն մեկ՝ սցենարի անվանակարգում:

Համաշխարհային կինեմատոգրաֆում ներդրման համար մրցանակ է ստացել անգլիացի դերասանուհի Հելեն Միրենը, որը Սաշա Ջերվասիի «Հիչքոք» ֆիլմում մարմնավորել է հանրահայտ ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի կնոջը: