Նոր հայացք հին հիթերին՝ Կայլի Մինոուգի հոբելյանական ալբոմում

Ավստրալացի հանրահայտ փոփ երգչուհի Կայլի Մինոուգն իր ստեղծագործական գործունեության 25-ամյակը նշել է The Abbey Road Sessions նոր ալբոմով, որը երգչուհու լավագույն երգերի անսովոր տարբերակների հավաքածու է: Մի կողմ դնելով «ակումբային դենս» ոճը՝ Մինոուգը երգել է մեծ նվագախմբի հետ:

The Abbey Road Sessions-ն ընդհանուր առմամբ կազմված է 16 հիթից, որոնցից յուրաքանչյուրը ենթարկվել է լուրջ և խորքային վերանայման: Նոր ալբոմի ունկնդիրը կլսի միանգամայն նոր կատարումներ՝ չնայած երգերի ծանոթ անվանումներին:

Ալբոմի ձայնագրության համար երգչուհին ընտրել է Abbey Road հայտնի ստուդիան, որտեղ աշխատել են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ The Beatles խումբը: Այս ստուդիան ընտրելու Մինոուգի որոշումը թերևս քայլ է հստակության և նոր ոճի ուղղությամբ. մինչև այսօր ստեղծագործական կյանքում երգչուհու համար առաջնային էր զիլ ու նորաձև լինելը:

Ավստրալացի փոփ աստղն անշուշտ մեծ վոկալիստ երբևէ չի եղել և չի էլ դառնա նոր սկավառակի թողարկումից հետո, սակայն նրա արժանիքներից է «ոսկե միջինը» գտնելու ունակությունը:

The Abbey Road Sessions-ը թողարկվելուն պես բրիտանական հիթ շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, ինչը վկայում է երգչուհու կատարած աշխատանքի բարձր որակի մասին:

Մեկնաբանել