Microsoft-ի նախկին ղեկավարը կզբաղվի մարիխուանայի բիզնեսով

Microsoft կորպորացիայի նախկին թոփ մենեջեր Ջեյմեն Շայվլին որոշել է մարիխուանայի աճեցման և վաճառքի բիզնեսով զբաղվել: Այս մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը:

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Շայվլին մտադիր է ուսումնասիրել մարիխուանայի շուկան և վաճառքի հստակ համակարգ կառուցել: Իր բիզնեսը նախկին ղեկավարը կկոչի նախնու՝ Դիեգո Պելիսյեի անունով, որը 19-րդ դարեվերջին մարիխուանայի խոշոր արտադրող էր: «Մարիխուանան, այսպիսով, իմ «արյան մեջ է», – ասել է Շայվլին:

Գործարարն ասել է, որ իր արտադրանքը էժան չի լինելու և կարժենա նույնքան, որքան թանկ կոնյակը, բրենդին կամ սիգարները:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ից Վաշինգտոնում և Կոլորադոյում կօրինականացվի մարիխուանայի օգտագործումը. 21 տարեկանից բարձր անձանց կթույլատրվի աճեցնել, ձեռք բերել և օգտագործել սահմանափակ քանակությամբ մարիխուանա: