Օսկանյանի գործով ՌԴ հեղինակավոր հաստատության եզրակացությունը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազությանը

Նախկին արտգործնախարար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործում հանցակազմ չկա: Սա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի անցկացրած ուսումնասիրության եզրակացությունն է, որն իր ստորագրությամբ հավաստել է ինստիտուտի փոխտնօրեն, ՌԴ վաստակավոր իրավաբան Յուրի Շուլժենկոն:

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եզրակացությունն իրենց ուղղարկվել է նոյեմբերի 20-ին, այն արդեն ներկայացվել է նախաքննական մարմնին:

«Գլխավոր դատախազությունը կփորձի ապացուցել, որ ավելի խելացի է, քան գիտնականները, և կմերժեն: Ես համապատասխան միջնորդություն արդեն ուղարկել եմ քննիչին, որ կարճեն գործը և հիմք ընդունեն եզրակացության մեջ առկա վերլուծությունը և պատճառաբանությունը: Հիմա մենք կիմանանք, որ մեր գլխավոր դատախազությունում ունենք ակադեմիկոսներ առանց պաշտոնական կոչումների, որոնք կմերժեն, նրանք ավել բանի պիտանի չեն»,- ասաց Աթանեսյանը:

Նա նշեց, որ ստիպված են դիմել այսպիսի հեղինակավոր անձանց օգնությանը, քանի որ գլխավոր դատախազությունը իրենց կարծիքը հաշվի չի առնում: Փաստաբանի հավաստմամբ՝ երրորդ կողմի կարծիքն ունենալը եվրոպական իրավունքում շատ տարածված բան է, և հաճախ դատարաններն իրենք են իրենց նախաձեռնությամբ դիմում գիտական հաստատությունների՝ ստանալու նրանց կարծիքը:

Ուրբաթ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության և դրա բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սամվել Կոչոյը, որը Ռուսաստանի քրեական օրենսգրքի մեկնաբանության հեղինակներից է, իր եզրակացությունն էր տվել Վարդան Օսկանյանի նկատմամբ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին:

Նա նշել էր, որ գործում հանցակազմ չի տեսնում, «այն թյուրմացություն է, անհեռանակարային է, և պետք է կարճել»:

Մեկնաբանել