2013թ. կջեռուցվեն մշակութային բոլոր կրթօջախները

2013 թվականին կջեռուցվեն քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տներն ու գրադարանները: Այս մասին այսօր զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«2011թ. մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013թ. կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի տների և գրադարաններ ջեռուցման խնդիրը»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման ուղղությամբ պարբերական ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքի 159 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պատասխանատուի զեկուցմամբ վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժ է արձանագրվել հատկապես սննդի պիտանելիության ժամկետների և սանիտարական նորմերի պահպանման ուղղությամբ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Մեկնաբանել