«Հարսնաքարի» դատն այսօր հետաձգվեց պաշտպանների բացակայության պատճառով

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալներ Արթուր Բաբլոյանի և Նորայր Հայրապետյանի պաշտպաններ Արմեն Խաչատրյանի և Երեմ Սարգսյանի բացակայության պատճառով, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Երկու փաստաբաններն էլ չէին ներկայացել այլ նիստերով զբաղված լինելու պատճառով, սակայն դատարանը Ա. Խաչատրյանի բացակայությունը գնահատեց անհարգելի, իսկ Ե. Սարգսյանինը՝ հարգելի: Դատարանի գնահատմամբ` վերջինս դատարանին էր ներկայացրել այլ գործով զբաղված լինելու մասին պատշաճ ապացույցներ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: