Երևանի բժիշկներն այցելել են մարզերի հիվանդներին

Մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների, «Արաբկիր բժշկական համալիր» ԵԴԱԻ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտների, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետներն այցելել են հանրապետության բոլոր մարզերը. տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Կատարած այցերի ընթացքում հետազոտվել է 5778 հիվանդ։ Նրանցից 4213-ին նշանակվել է ամբուլատոր, 24-ին` հիվանդանոցային բուժում։ Այս գործընթացում ընդգրկված են նաև «Սուրբ Աստվածամայր», «Քանաքեռ-Զեյթուն», թիվ 2 բժշկական կենտրոնները, Վնասվածքաբանական և օրթոպեդիայի կենտրոնը, թիվ 3 կլինիկական հիվանդանոցը, Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը և «Մուրացան» համալսարանական կլինիկան, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, ովքեր աշխատում են մարզերի գլխավոր մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում մասնակցում այցերին և մասնագիտական խորհրդատվություն տրամադրում։

Դեկտեմբեր-հունվար ամիսներին մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները վիրահատություններ կկատարեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև տեղի մասնագետների հետ համայցեր կկատարեն, կծանոթանան հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություն կտրամադրեն հետագա տակտիկան հստակեցնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Հիմնական նպատակը մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքի նվազեցումն է։ Թեև վերջին տարիներին մարզերում ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոց է շահագործվել, սակայն դրանցում դեռևս նեղ մասնագետների պակաս կա։