Ինչու է Ջհանգիրյանն ընդունել ՀՀԿ-ի առաջարկը

Երեկ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը՝ ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, ընդունեց ՀՀԿ-ի՝ Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու առաջարկը: Թե ինչու է նման որոշում կայացվել, ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանել է Գագիկ Ջհանգիրյանը:

— Պարոն Ջհանգիրյան, ինչո՞ւ նման որոշում կայացրեց ՀՀԿ-ն, և ինչո՞ւ դուք համաձայնեցիք դրան:

— Նպատակը շատ հստակ էր. քանի որ մեծամասնությունը մեծամասնություն է նաև հանձնաժողովներում, այդ թվում՝ պետաիրավական, և եթե մեծամասնությունը դրական եզրակացություն չի տալիս նախաձեռնությանը, նշանակում է հարցը լիագումար նիստի օրակարգ ընդգրկվում է քվեարկությամբ: Եթե մեծամասնություն չունենք հանձնաժողովներում, նշանակում է լիագումար նիստի օրակարգ հարցը չի ընդգրկվում և դրանով հարցը փակվում է: Թեկուզ մենք վստահ էինք, որ հանձնաժողվում թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Ժառանգությունը», թե՛ ՀՅԴ-ն և թե՛ բնականաբար ՀԱԿ-ը կողմ էին քվեարկելու, միևնույն է, չունենք այն 66 ձայնը, և հարցը չէր ընդգրկվելու: Հեղինակի՝ տվյալ դեպքում իմ ընտրությունը հետևյալն էր՝ կա՛մ ես չպետք է գնայի կոմպրոմիսի, և մենք չէինք ստանա դրական եզրակացություն, և խնդիրը դուրս է գալիս օրակարգից, կա՛մ մենք պետք է գնայինք ինչ-որ համաձայնության, որով պետք է պահպանեինք հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:

—  ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրական օրենսգրքում փոփոխությունների նպատակով իրենց հրավիրած արտահերթ նիստը բոյկոտելու սահմանադրականությունը:

— Կրկին վերադառնում ենք մեծամասնության խնդրին: Թե՛ Սահմանադրությամբ, թե՛ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով մեծամասնությունն է ձևավորում հերթական նիստերի և նստաշրջանների մեծ և փոքր օրակարգերը: Քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի նաև հանձնաժողովներում, օրենքների այն նախագծերը, որոնք իրենց համար ընդունելի են, ստանում են դրական եզրակացություն, ընդգրկվում են մեծ օրակարգում, այնուհետ՝ փոքր օրակարգում: Եթե չեն ստանում դրական եզրակացություն, դրանք կարող են ընդգրկվել միայն առանձին քվեարկությամբ: Այն հարցերը, որոնց քաղաքական մեծամասնությունը բացասական է վերաբերվում, չեն ընդգրկվում օրակարգում: Սրա հետ կապված՝ մեր Սահմանադրությունը քաղաքական փոքրամասնությանը, այսինքն՝ ԱԺ այն փոքրմասնությանը, որը կարող է հավաքել առնվազն 44 ձայն, իր 70-րդ հոդվածով իրավունք է տալիս նախաձեռնել արտահերթ նստաշրջանի կամ նիստի հրավիրում: Եթե Սահմանադրությունն իրավունք է տվել ԱԺ մեկ քառորդին, այդ նորմի իրացումը չի կարող կախված լինել մեծամասնության կամքից: Եթե մեծամասնության կամքից կախված պետք է լիներ, հերթական նստաշրջանների գումարման կարգը այդ խնդիրը կարգավորում է: Այսինքն՝ սա մի ինստիտուտ է, որը փոքրամասնությանը իրավունք է տալիս 44 ձայն հավաքելու դեպքում իր կանխանշած օրակարգով և ժամկետով հրավիրել և առնվազն այդ նիստում հնչեցնել իր նախընտրած հարցը:

—  Եթե պատկերավոր ասենք՝ այդ 44 պատգամավորը կարող են արտահերթ նիստ հրավիրել, 44 հոգով նստել, քննարկել, դա դիտարկել որպես ամբիոն՝ հարց քննարկելու և խնդիր բարձրացնելու:

— Այո՛, տվյալ դեպքում մենք այդ կարծիքին ենք, և դա Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածների համադրության, վերլուծության ուղղակի արդյունք է: Միջին կարգի ցանկացած իրավաբան, եթե վերլուծի այդ երկու նորմերը և համադրի իրար հետ, կտեսնի, որ այդ մեկ երրորդին տրված իրավունքը իմպերատիվ նորմ է և չի կարող կախված լինել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի սահմանափակումից, քանի որ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Բացի այդ՝ 71-րդ հոդվածով նախատեսված է, որ քվորում կամ շեմ նախատեսված է միայն ընդունվող որոշումների համար: Լիագումար նիստերի գումարման համար քվորում սահմանված չէ: Մենք գտնում ենք, որ մեկ քառորդի կողմից իր նախընտրած օրակարգով և ժամկետներով արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու համար 66 պատգամավորի գրանցումը պարտադիր չէ, և բավարար է առնվազն այդ 44-ի գրանցումը, որպեսզի հարցը քննարկվի, ոչ թե որոշում ընդունվի:

—  Առջևում նախագահական ընտրություններ են: Ձեր կարծիքով՝ մեզ ի՞նչ ընտրություններ են սպասում: Կարծես ապատիկ վիճակ է, մարդիկ որևէ հույս չեն կապում նախագահական ընտրությունների հետ:

— Հիմա մի քիչ խաբուսիկ իրավիճակ է, որովհետև ինչպես ցույց է տվել մեր 20-ամյա պատմությունը, նախագահական ընտրություններում ինտրիգը միշտ առկա է լինում, և առավելագույն մոբոիլիզացիա է լինում: Աժ ընտրություններից հետո տվյալ դեպքում համեմատելը սխալ է, որովհետև, ցավոք, ինչքան էլ մեր ժողովրդին բացատրում ենք, որ 2005թ. փոփոխություններից հետո Սահմանադրությունը ԱԺ-ին ավելի մեծ լիազորություններ է տալիս, մեր ժողովուրդը ինչպես վերաբերվել է պատգամավորներին՝ որպես ասֆլատապատող մարդու, օգնություն տվողի, այդպես էլ վերաբերվում է, քանի որ մեզ մոտ սահմանադրական կարգը խախտված է, և գործադիրն է կանգնած օրենսդիրի գլխին: Հետևապես՝ սա օրենսդիրի ընտրություններին բնորոշ ապատիա է: Այն կարող է շատ արագ՝ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ, վերանալ:

—  Դրա համար ի՞նչ է պետք:

— Դրա համար քաղաքական կոնսոլիդացիա է պետք այն ուժերի, որոնք իրականում տեսնում են, որ երկիրը ծայրահեղ վատ վիճակի մեջ է, եթե չասեմ՝ մենք ամեն օր հետ ենք գնում: Ես տասը տարի զինվորական դատախազ եմ եղել և կարող եմ ասել, որ զորակոչը ազգային անվտանգության խնդիր է դարձել Հայաստան պետության համար, և մեր ռեսուրսը, թվեր չեմ կարող ասել, չափազանց կրճատված է: Խնդիր է նաև մեր սահմանային դիտակետերը մարտական հերթապահություն կատարող զինծառայողներով ապահովելը: Էլ չեմ ասում տնտեսության, արդարադատության և իրավապահ մարմինների աշխատանքը, որտեղ խայտառակ իրավիճակ է: Մեր քաղաքացիները լքում են երկիրը ոչ միայն նրա համար, որ աշխատանք չկա, աշխատավարձը ցածր է, այլև որ քաղաքացին պաշտպանված չէ: Մարդը արժեք չի ներկայացնում: Որևէ իրավապահ կառույց, դատարան, դատախազություն անտերին չի պաշտպանում: Եվ եթե քաղաքական ուժերը լուրջ են վերաբերվում իրենց պատասխանատվությանը, երկրի ապագային, պետք է գան համաձայնությունների: Եթե դա ուղղակի դերասանություն է, ուրիշ խնդիր է: Հուսանք, որ այն, ինչը բացահայտ հրապարակում և ասում են, նաև այդպես մտածում են, լուրջ են այդ հարցերը քննարկում, ինչը հույս է արթնացնում, որ կարող են գալ համաձայնությունների:

Զրուցել է Դերենիկ Մալխասյանը