Ովքեր են զրկվում թեմերից

Շիրակի թեմը մասնատվեց։ Հիշելով, թե թեմի ինչպիսի ըմբոստ առաջնորդ էր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, կարելի է ասել, որ Գարեգին Բ-ն Շիրակի հսկայական թեմում նրան հակաթեմ ստեղծեց։ Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե ինչ վատ բան է արել կաթողիկոսը։ Բայց դատելով մամուլի հրապարակումներից՝ պարզապես լավություն է արել իր համագյուղացուն՝ ստեղծելով Արթիկի թեմը։ Հիմա փորձենք հասկանալ, թե, ասենք, թեմերը կիսելով ինչ խնդիր է լուծում կաթողիկոսը։

Հիշեցնենք, որ կաթողիկոս դառնալուց մի քանի տարի հետո Գարեգին Բ-ն բաժանեց նաև Սյունյաց թեմը՝ նրա առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին թողնելով միայն Վայոց ձորը։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց վարդապետ Մակար Հակոբյանը։ Հիմա տեսե՛ք։ Ե՛վ Միքայել եպիսկոպոսը, և՛ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը կաթողիկոսի ընտրությունից՝ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո արքության պատիվ չեն ստացել։ 1993-ից Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը Գարեգին Ա կաթողիկոսի ձեռամբ է 1996թ. ձեռնադրվել եպիսկոպոս, իսկ Միքայել Աջապահյանին 2001թ. հենց գործող կաթողիկոսն է ձեռնադրել եպիսկոպոս (ի դեպ՝ հենց նա էլ նրան ձեռնադրման հետ միաժամանակ նշանակել է Շիրակի թեմի առաջնորդ)։ Եպիսկոպոսը կաթողիկոսից հետո նվիրապետության ամենաբարձր կարգն է եկեղեցում, եպիսկոպոսների (և արքեպիսկոպոսների) միջև է ընտրություն արվում ապագա կաթողիկոսին ընտրելու համար։

Սակայն արքության պատիվը առանձին շնորհ է տալիս եպիսկոպոսին։ Դիցուք, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը 1997թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և 1999թ. դեկտեմբերի 1-ին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի կաթողիկոս դառնալուց հետո նշանակվել է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ, 2006թ. կաթողիկոսի հայրապետական կոնդակով արքության պատիվ է ստացել։ Այնուամենայնիվ, արդարությունը պահանջում է ասել, որ իր եղբորը՝ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին, Գարեգին Բ-ն եպիսկոպոսի «կոչում» է տվել 2001թ. և բավարարվել դրանով։ Եղբայրն այսօր գլխավորում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմը։ Այնուամենայնիվ, Եզրաս եպիսկոպոսը վարդապետական աստիճան է ստացել նույն տարվա փետրվարին, բայց թեմի առաջնորդի պաշտոնակատար է դարձել 2000թ. հոկտեմբերին հոգևոր հովիվի կարգավիճակով։

Ինչ է տեղի ունենում մեր եկեղեցում՝ դժվար է ասել։ Ինը միլիոն հավատացյալ ունի մեկ առաջնորդ։ Նորմալ է։ Այդ առաջնորդը վերադասավորումներ է անում իր ղեկավարած կառույցում։ Նորմալ է։ Այդ առաջնորդը նաև հոգևորականների է զրկում իրենց կոչումներից։ Դարձյալ նորմալ է։ Եկեղեցում էլ կարող են բուն դրած լինել այն արատները, որոնք ավելի հեշտ, սահուն, երբեմն էլ բացահայտ իրացվում են աշխարհիկ կյանքում։ Սակայն մի հարց բաց է մնում՝ հավատացյալ-հոգևորական հարաբերությունները նույնքան մշուշոտ են, որքան չինովնիկ-քաղաքացի հարաբերությունները։ Ըստ իս՝ լավ է, որ ձևավորվում է Արթիկի թեմը, բայց վատ է, երբ զգում ես, որ տեղի ունեցածը ավելի շուտ Աջապահյանի դեմ է ուղղված։ Դիցուք, մեզ հայտնի չէ կաթողիկոսի մի որոշում, որը կսահմանափակեր հոգևորականների, այսպես ասած, քաղաքական գործունեությունը, որով այնքան հաճախ աչքի են ընկնում նույն Աջապահյանը և Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ամեն հավատացյալի կարող է մեկ հոգևոր առաջնորդ ընկնել միջին հաշվարկով։ Այստեղ խնդիր չեմ տեսնում։ Բայց երբ այդ առաջնորդը հոտից ճառագող սիրուց գլուխն է կորցնում և ընկնում քաղաքական դաշտ, հարցեր են առաջանում։ Ոչ մի հավատացյալ քաղաքացի իշխանություն չունի եկեղեցու վրա. ուրեմն ինչո՞ւ պիտի եկեղեցին, ասենք, ՀՀԿ-ի միջոցով իշխանություն ունենա քաղաքացի հավատացյալի վրա։ Այս հարցը բաց է մնում։