Թուրքական հրթիռների և ռուսական ռազմանավերի միջև

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել սիրիական ճգնաժամի մասին: Ստորև ներկայացնում ենք հոդվածը:

Վերջին օրերին Սիրիայի տարածքի անջատված համացանցային հաղորդամիջոցը և առհասարակ հաղորդակցության համակարգի ջլատումը մտածել տվեցին, որ գետնի վրա բեկումնային տեղարժեր են արձանագրվում: Յուրաքանչյուր կողմ դիմացինին ամբաստանեց Սիրիան արտաքին աշխարհից անջատելու հանցանքով: Հայտնապես, մարտերը կենտրոնացած էին դեպի Դամասկոսի միջազգային օդանավայական տանող մայրուղու վրա: Շաբաթավերջին թե՛ համացանցի և թե՛ հեռախոսային կապերի վերականգնումը որոշ առումով պարզ դարձրեցին տիրող համապատկերը:

Որևէ կողմ, թվում է, թե հիմնական տեղաշարժ չէր ապահովել: Մի կերպ, տիրող գոյավիճակը մնում էր նույնը: Օդանավակայանի կարճատև փակումն ու թռիչքների վերաիրականցումը հուշում են, որ շարունակում են կառավարական ուժերի վերահսկողության տակ մնալ օդանավակայան տանող մայրուղին և օդանավակայանը, ընդհանրապես: Պարզ է անշուշտ, թե ռազմավարական ինչ նշանակություն ունի թիրախի վերածված օդանավակայանը, որի պահպանումը կամ գրավումը իրադրային նշանակություն է ունենալու երևութապես ներսիրիական թվացող այս պատերազմում:

Այս արդեն քանիերորդ անգամն է, որ ճակատագրականությամբ են բնութագրվում դեպքերը. հաղորդակցությունն անջատվում է, մինչ այդ տեղեկատվական պատերազմը թեժանում է և յուրաքանչյուր կողմ իր ապահովության առավելությունների մասին հաղորդագրություններ է տարածում կողմնորոշելու, ավելի ճիշտ` ապակողմնորոշելու համար հանրային կարծիքը:

Ռազմական ընդհարումներին առընթեր տեղեկատվական-հոգեբանական պատերազմն իր ազդեցությունը կարող է ունենալ, անկասկած: Դիպաշարին հետևողի մոտ կզարգանա այն տրամաբանությունը, որի համաձայն` գետնի վրա զինվորական առումով կողմերը մղում են հավասարապես մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ հետևողական պայքարը, որը յուրաքանչյուր կողմին չի տալիս նկատելի առավելություն և ընդհանրապես, պահպանում է գոյավիճակը:

Այս իրողությունը իր կարգին մտածելու տեղիք է տալիս, որ արտաքին ուղղակի միջամտության բացակայության` հիմնական տեղաշարժերը, առաջընթացները և դրանց դիմաց նահանջներն ու հանձնվելները չեն իրականանում: Այստեղ խոսքը չի վերաբերում զինուժ, նույնիսկ մարդուժ և ֆինանսավորում տրամադրելու հսկայական ծավալներին: Հարցը ուղղակի ռազմական միջամտության մասին է, որն այս պահի դրությամբ չի ստացել միջազգային կանաչ լույս: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, փաստորեն, մինչև հիմա բանաձևերի սահմաններում կեցվածքներ է հրապարակում և վետոների առկայության չի կարող հանգել զինվորական հարձակման իշխանափոխություն իրականացնելու որոշման: ՆԱՏՕ-ն, իր հերթին, թուրքական տարածքների վրա հրթիռներ տեղակայելու համաձայնություններ է հրապարակում` ճշտելով, որ իր կառույցը որոշում չի ընդունել «փրկության» գործողություններ իրականացնելու:

Նույնը վերաբերում է դիմացի կողմին: Զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը Իրաքի ճամփով շարունակում է զինել իր դաշնակից Սիրիան, Անկարան ամբաստանում է Մոսկվային զինվորական գերարհեստագիտությամբ Միջին Արևելքի իր ռազմավարական գործընկերոջը զորակցելու հանցանքով` մինչ ոչ սիրիացի այլազգիների ինքնություններ են հայտնաբերվում ընդհարումների ընթացքում սպանված զինյալների շարքերում:

Ինքնապաշտպանության կամ սեփական քաղաքացիներ տարհանելու պատճառաբանությամբ մի կողմից Անկարան Սիրիայի հետ իր սահմանների տարածքում գերարդիական հրթիռներ է տեղադրում, մյուս կողմից Մոսկվան սիրիական ծովը պաշտպանում է իր ռազմանավերով: Եվ արտաքին միջամտությունը շարունակվում է իբրև անհրաժեշտություն հանկերգվել:

Որևէ պահի կարող է դեպի Սիրիա և նաև այնտեղից դեպի արտաքին աշխարհ հաղորդակցությունը վերստին անջատվել: Լրատվադաշտը հերթական անգամ կողողվի վերջին հանգրվանի բնութագրումներով, ընդհարումների ճակատագրականության մասին վերլուծումներով: Լույսը կբացվի, դիրքերը կմնան նույնը` ընդհանուր առմամբ: Մի գոյավիճակ, հայտնված` թուրքական հրթիռների և ռուսական ռազմանավերի միջև աքցանված Սիրիայի տարածքում: Փոխվողը` զոհերի թիվն է. նաև` քանդման տարողությունը:

Մեկնաբանել