Վրաստանի գրողների միության նախագահը՝ Լեռնային Ղարաբաղ այցի համար պերսոնա նոն գրատա Ադրբեջանում

Վրաստանի գրողների միության նախագահ Մակլավա Գոնաշվիլին Ադրբեջանում պերսոնա նոն գրատա է հայտարարվել նոյեմբերի 16-18-ը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը՝ հղում անելով վրացական «Իվերոնի» գործակալությանը:

Ըստ Գոնաշվիլիի՝ ինքը Լեռնային Ղարաբաղում մասնակցել է պոեզիայի երեկոյի, որը որևէ առնչություն չի ունեցել քաղաքականության հետ, սակայն Ադրբեջանը այդ հիմնավորումը չի ընդունում՝ այցը դիտարկելով քաղաքական նկատառումներով:

«Ես դա որևէ մեկին վիրավորելու համար չեմ արել: Ես դա արել եմ այն երիտասարդության համար, որը ինձ սպասում էր Ղարաբաղում պոեզիայի երեկոյին: Երբ վերադարձել եմ Վրաստան, ինձ հետ կապվել են Վրաստանի արտգործնախարարությունից՝ ասելով, որ որոշ ժամանակ խուսափեմ Ադրբեջան մեկնելուց: Ինչպես հետո հայտնի է դարձել իմ այցի մասին նախարարությանը տեղակացրել է Ադրբեջանի դեսպանությունը», -ասել է Գոնաշվիլին:

Ըստ «Գրուզիա օնլայնի»՝ վերադարձից հետո Գոնաշվիլին նամակ է գրել՝ ներողություն խնդրելով Լեռնային Ղարաբաղ այցի համար, ինչը, ըստ էության, չի կարողացել կանխել Բաքվի կողմից նրան պերսոնա նոն գրատա հայտարարելը:

Մեկնաբանել