Արքայազն Ուիլյամն ու նրա կինը սպասում են առաջնեկին

Քեմբրիջյան դուքս և դքսուհի Ուիլյամն ու Քեթրինը սպասում են իրենց առաջնեկին: Այս տեղեկությունը դեկտեմբերի 3-ին պաշտոնապես հաստատել է բրիտանական թագավորական պալատը:

Բուքինգեմյան պալատի ներկայացուցչի խոսքով՝ դքսուհի Քեթրինը հոսպիտալացվել է Լոնդոնի Էդուարդ 7-րդի անվան կենտրոն՝ «սրտխառնոցի և գլխապտույտի նշաններով»: Առաջիկա օրերին Քեթրինը կմնա հիվանդանոցում:

Թագուհի Էլիզաբեթ 2-րդը և թագավորական ընտանիքի այլ անդամներ իրենց «մեծ ուրախությունն» են արտահայտել այս լուրի կապակցությամբ, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ամուսնացել են 2011թ. ապրիլի 29-ին: Հարսանեկան հանդիսավոր արարողությունը գրավել էր շուրջ 2 մլրդ հանդիսատեսի ուշադրությունը: Պսակադրությունից հետո ամուսիններն ստացել են Քեմբրիջյան դքսի և դքսուհու տիտղոսները:

Մամուլում բազմիցս են հայտնվել Քեյթի հղիության մասին կեղծ լուրեր: Այս հարցի բուռն քննարկումը պայմանավորված է նրանով, որ նոր օրենքի համաձայն՝ Քեյթի և Ուիլյամի առաջնեկը, անկախ սեռից, կժառանգի բրիտանական գահը: