ԱԱԾ-ն Օսկանյանի գործով արձագանքել է ռուս իրավաբանին

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վարդան Օսկանյանի քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավար Մ. Համբարձումյանի մեկնաբանությունները Օսկանյանի գործով մասնագիտական եզրակացություն կատարած ՌԴ իրավաբան Սամվել Կոչոյիի հայտարարությունների վերաբերյալ: Մեկնաբանությունները` հարց-պատասխանի ձևաչափով, ներկայացված են ստորև:

-Վարդան Օսկանյանին և Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 30-ին մամլո ասուլիսի միջոցով «եզրակացությամբ» հանդես եկավ ՌԴ արդարադատության նախարարության պատվավոր աշխատակից, ռուսական քրեական օրենսգրքի մեկնաբանությունների հեղինակ Սամվել Կոչոյին, ով փաստորեն հայտարարեց, որ Վարդան Օսկանյանի գործողություններում չկա հանցակազմ և նրա նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է, ինչ կարող եք ասել հնչեցված փաստարկների և հիմնավորումների վերաբերյալ։

Ինձ համար զարմանալի և անհասկանալի է, որ արտասահմանից հրավիրված իրավաբանը, ով հանրությանը ներկայացվեց որպես վաստակաշատ մասնագետ, առանց քրեական գործերի նյութերի հետ ծանոթանալու, իսկ այն արդեն բաղկացած է շուրջ 14 հատորներից, ձեռքի տակ ունենալով ընդամենը մեկ-երկու դատավարական փաստաթուղթ, կարող է կարծիք կազմել և թույլ տալ իրեն հայտարարել, որ ինքը «եզրակացություն» է կազմել քրեական գործի վերաբերյալ ու հանգել է հետևության, որ Վարդան Օսկանյանի գործողություններում չկա հանցակազմ։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ հրավիրված փաստաբանը տեղյակ չէ, ապա գոնե Վարդան Օսկանյանի պաշտպանը, մինչև արտասահմանից «մարդ կանչելը», պետք է հրավիրողին բացատրեր, որ որևէ իրավաբան, այդ թվում դրսից հրավիրված, չի կարող և իրավասություն չունի քննվող քրեական գործի վերաբերյալ իրավաբանական հարցերով որպես փորձագետ հանդես գալ ու փորձագիտական եզրակացություն կազմել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասով ուղղակիորեն արգելվում է քրեական գործերով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետի ներգրավումը և բացի այդ, անձի մեղավորությունը որոշվում է բացառապես դատարանի կողմից։

Սամվել Կոչոյին գոնե պետք է տեղյակ լիներ, որ Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու և նույն չափի գումարն օրինականացնելու համար, այսինքն` հանցագործությունների համար, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի կարգով դասվում են հանրային մեղադրանքի գործերի թվին և դրա համար իրավապահ մարմնին բողոք կամ հաղորդում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվեր, նման քրեական գործերը հարուցվում և քրեական հետապնդում է իրականացվում անկախ տուժողի բողոքի առկայությունից և ՀՀ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին պատասխանատվության ենթարկելիս պետությունը (բացառությամբ մասնավոր մեղադրանքի գործերի) կաշկանդված չէ տուժողի կարծիքով և հանրային միջոցներով իրականացնում է քրեաիրավական պաշտպանություն։ Միաժամանակ նշեմ, որ սահմանված ընթացակարգով, քրեական գործով տուժող է ճանաչվելու իրավաբանական անձ Սիվիլիթաս հիմնադրամը։

Հետաքրքրական է նաև այն, որ իրավաբանն ընդամենը փաստելով, որ գումարը տոկոսներով հանդերձ արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին, հանգում է եզրակացության, որ հանցագործություն տեղի չի ունեցել։ Ընդամենը կարելի է զարմանալ իրավաբանի նման կարծիքի և տրամաբանության վրա, քանի որ փաստորեն, իրավաբանին չի էլ հետաքրքրում այն հանգամանքը, որ բացառապես բարեգործության համար նախատեսված և հիմնադրամին նվիրաբերված գումարն օրենքով սահմանված կարգով հիմնադրամի հաշվեկշիռ չի մուտքագրվել, հաշվետվություններով չի արտացոլվել, ստացված գումարներից առնվազն 186.000 ԱՄՆ դոլարը, դեռևս 2011թ. հունվարին ստանալուց անմիջապես հետո, առանց որևէ օրինական հիմքի, Վարդան Օսկանյանի կողմից ծախսվել է անձնական նպատակներով և հիմնադրամին վերադարձվել է շուրջ 1.5 տարի անց, երբ արդեն քրեական գործ էր հարուցված ու հայտնի էր, որ իրավապահ մարմնի կողմից ստուգվում է գումարների շարժը։

Ահա այս պատճառներով էլ ես չէի ցանկանա կարևորել հրավիրված իրավաբանի կողմից տրված «եզրակացությունը» և վստահաբար կարող եմ ասել, որ այն, որպես այդպիսին, իրավական առումով որևէ ազդեցություն չի կարող ունենալ նախաքննության փուլում, իսկ թե ինչու է վաստակաշատ իրավաբանն առանց իրավասության և օրինական հիմքերի իրեն հրավիրող կողմի համար ձեռնտու նման գնահատականներ տալիս, կարծում եմ պարզ է և չունի լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն։

-Վարդան Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նույն ասուլիսում հայտարարեց, որ Վարդան Օսկանյանը մոտ մեկ շաբաթ առաջ կանչվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն և նրան հարցեր են տրվել 2001 թվականին կատարվածի փոխանցումների վերաբերյալ, արդյոք կարող եք հայտնել, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործը և ինչ առիթով է վերջին անգամ հարցաքննության հրավիրվել Վարդան Օսկանյանը։

Վարդան Օսկանյանը վերջին անգամ հարցաքննության է կանչվել 19.11.2012թ. և կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Նրան հարցադրումներ են կատարվել իր անձնական հաշվեհամարներով կատարված երկու բանկային փոխանցումների վերաբերյալ, որոնցից առաջինը վերաբերվում է 2001 թվականին, երբ իր անձնական հաշվեհամարի վրա նա ստացել է շուրջ 36.000 եվրո գումար, որը Հայաստանի Հանրապետության համար փոխանցվել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից, իսկ երկրորդը՝ 2003 թվականին, երբ իր անձնական հաշվեհամարի վրա նա ստացել է շուրջ 90.000 ԱՄՆ դոլար, որը փոխանցվել է արտասահմանից, դեսպանության կողմից։

Առաջին գործարքի մասով պարզվել է, որ դեռևս 2001 թվականին Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև կնքված 28.08.2001թ. դրամաշնորհի պայմանագրով Հայաստանին հատկացվել է շուրջ 36.000 եվրո գումար՝ «Էլեկտրոնային զարգացում Հարավային Կովկասի համար» խորագրով կոնֆերանսի անցկացման համար, որն անհասկանալի պատճառներով և զարմանալի զուգադիպությամբ կրկին փոխանցվել է Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին և դրա զգալի մասը կանխիկացվել է վերջինիս կնոջ Նանի Օսկանյանի կողմից։ Դրանից հետո Եվրոպական հանձնաժողովը պահանջել է պատշաճ հաշվետվություն ներկայացնել գումարի ծախսի վերաբերյալ, սակայն ֆինանսական փաստաթղթեր հանձնաժողովին չեն ներկայացվել, կատարված ծախսերը չեն հիմնավորվել, ինչի հետևանքով 38.166,53 եվրոն (տոկոսը ներառած) Եվրոպական Հանձնաժողովի կողմից 15.06.2011թ. պակասեցվել է մեկ այլ ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկային նախարարությանը հատկացված 5.000.000 եվրո գումարից։

Երկրոդ գործարքի մասով պարզվել է, որ Վարդան Օսկանյանի անվամբ HSBC բանկի անձնական հաշվին արտասահմանից, դեսպանության անունից 09.06.2003թ. փոխանցվել է 90. 975 ԱՄՆ դոլար գումար, որը հիմնականում կանխիկացվել է Նանի Օսկանյանի կողմից։

Պետական գործիչ ու պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Օսկանյանի անձնական հաշվին Հայաստանի Հանրապետության համար նախատեսված գումարը ստանալու, Ֆինանսական փաստաթղթերի բացակայության և եվրոպական կառույցին դրանք չներկայացնելու, ինչպես նաև Հայաստանին հատկացվող այլ գումարներից այդ չափով գումար հետագայում պակասեցնելու պատճառները պարզվում են և կարծում եմ, որևէ անհրաժեշտություն չկա կատարված փաստերին այս պահի դրությամբ լրացուցիչ մեկնաբանություններ տալ։

Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ եթե նույնիսկ Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ կամ հովանավորությամբ, տարբեր իրավաբանների մասնակցությամբ գիտաժողովներ անցկացվեն սույն քրեական գործի առնչությամբ և այսպես կոչված «եզրակացություններ» տրվեն, միևնույնն է նախաքննական մարմինը զերծ է մնալու արտաքին կողմնորոշումներից և ճնշումներից, գործելու է ՀՀ օրենքների շրջանակներում և ձգտելու է ստանալ քրեական գործով առաջ քաշված բոլոր հարցադրումների պատասխանները։

Հիշեցնենք, որ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության և դրա բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից Սամվել Կոչոյին նոյեմբերի 30-ին Երևանում ներկայացրեց իր մասնագիտական եզրակացությունը Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ, որը, ըստ նրա, կատարվել է քրեական գործի հանգամանալից ուսումնասիրության արդյունքում: Կոչոյիի եզրակացության համաձայն` Օսկանյանի գործում բացակայում են հանցագործության նշանները:

Մեկնաբանել