UnionPay-ը ընդլայնում է մենաշնորհը Visa-ի և MasterCard-ի հաշվին

Չինական UnionPay վճարային համակարգը միջազգային հատուկ ստորաբաժանում է ստեղծել՝ օտարերկրյա շուկաներում ներկայությունն ընդլայնելու համար։ Չինական ընկերությունը մտադիր է ավելի ակտիվ մրցակցել միջազգային վճարային Visa և MasterCard համակարգերի հետ, ինչպես նաև վերահսկել չինացի զբոսաշրջիկների քարտային ծախսերը. նրանց թիվը անցած տարի ավելացել է 22%-ով՝ հասնելով 70 մլն-ի։

UnionPay-ը հիմնադրվել է 2002թ. Չինաստանի առաջատար բանկերի կողմից՝ Չինաստանի ազգային բանկի աջակցությամբ: Հիմնադրումից երկու տարի անց ընկերությունը սկսել է գործել Չինաստանի սահմաններից դուրս, և ներկայում 135 երկրում պայմանագիր ունի 8 մլն ընկերությունների հետ: Այդուհանդերձ, արտերկրում Visa և MasterCard սպասարկող ավանդական տերմինալները չեն «ընդունում» չինական քարտերը:

UnionPay-ը միջազգային ստորաբաժանման ստեղծմամբ մտադիր է ավելացնել իր բանկային քարտերն ընդունող առևտրային կետերի, ինչպես նաև դրանք թողարկող գործընկեր բանկերի թիվը: UnionPay-ը հայտարարել է, որ գործընկերային պայմանագրեր է ստորագրել չինական և օտարերկրյա ավելի քան 60 բանկի, այդ թվում՝ բրիտանական HSBC-ի և ավստրալական National Australia Bank-ի հետ:

Ըստ UnionPay-ի՝ չինացիները արտերկրում քարտային ծախսերը անցած տարվա համեմատ ավելացրել են 33%-ով: ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս տարի չինացի զբոսաշրջիկների թիվը կազմել է 78 մլն։ Մինչ 2020թ. ցուցանիշը կհասնի 100 մլն-ի: Ընդ որում՝ չինացիները ուղևորության բյուջեի մեկ երրորդը ծախսում են գնումների վրա:

UnionPay-ը մտադիր է նվաճել հիմնական մրցակիցներ Visa-ի և MasterCard-ի ավանդական տարածքները: 2011թ. աշխարհում շրջանառվող 6,54 մլրդ կրեդիտային և դեբետային քարտերի 45,11%-ը բաժին է ընկել UnionPay-ին, 35,9%-ը՝ Visa-ին, 16,2%-ը՝ MasterCard-ին: Վճարային քարտերով կատարված գործարքների կեսից ավելին՝ 54,5%-ը ($15,4 տրլն), բաժին է ընկել Visa-ին։ UnionPay-ի մասնաբաժինը կազմել է 17,8%: Մյուս կողմից՝ չինական քարտերով կատարվող փոխանցումների ծավալն ավելացել է 43,9%-ով՝ մոտենալով MasterCard-ի ցուցանիշին (21,1%):

Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ UnionPay-ը մենաշնորհել է յուանային հաշվեհամարներին փոխկապակցված քարտերի թողարկումն ու դրանցով կատարվող անկանխիկ վճարումները՝ խոչընդոտելով մրցակիցների մուտքը ներքին շուկա։

Մեկնաբանել