ԱՄՆ-ը պետք է վերաիմաստավորի վերաբերմունքը աշխարհակարգի նկատմամբ․ Քիսինջեր

ԱՄՆ-ի 2012թ նախագահական ընտրությունները պառակտել են հասարակությունը, կարծում է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը։ Գերմանական Handelsblatt պարբերականի հետ հարցազրույցում նա ասում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը փոփոխությունների կարիք ունի։

-Պրն Քիսինջեր, սկսվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահության երկրորդ ժամկետը։ Ինչպե՞ս եք գնահատում ազգի վիճակը այդքան երկար ու ագրեսիվ ընտրարաշավից հետո։

-Ենթադրում եմ, որ «ագրեսիվը» դեռ մեղմ է ասված։ Երկիրը պառակտված է։ Ոչ միայն ընտրությունների արդյունքների հարցում, այլև ներքին ու արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներին խորը փիլիսոփայական մոտեցման առումով։

-Հուզումներ Մերձավոր Արևելքում, պատերազմ Աֆղանստանում, նոր ղեկավարություն Չինաստանում․ ինչպիսի՞ն կլինի այժմ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։

-Արտաքին քաղաքականությունը բախվել է մի շարք մարտահրավերների։ Ինչպե՞ս գործել հետագայում Իրանի միջուկային նկրտումների հարցում։ Ինչպե՞ս վարվել Սիրիայի հետ։ Ինչպե՞ս կզարգանան երկարաժամկետ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք չենք կարող անտարբեր լինել նաև Եվրոպայի պարտքային ճգնաժամի հանդեպ։ Մեծանում է Չինաստանի կշիռը։ Սա առաջ է քաշում նոր խնդիրներ այնպիսի թեմաներով, ինչպիսին են էներգետիկան, էկոլոգիան և միջուկային տեխնոլոգիաների տարածումը։

-Իսկ Ամերիկան չպե՞տք է մտածի նաև աշխարհում իր նոր դերի մասին։

-Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մարտավարապես՝ եթե խոսքը ընթացիկ գործերի մասին է, մենք մինչ այժմ գործել ենք միանգամայն ադեկվատ։ Այժմ մեզ անհրաժեշտ է վերաիմաստավորել մեր վերաբերմունքը աշխարգակարգի նկատմամբ, որը ձևավորվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, և որն այլևս գոյություն չունի։ Նաև ժողովրդագրական գործընթացներն են փոխում Ամերիկան։

-ԱՄՆ-ի գերտերության հայեցակարգն իր բնական ավարտի՞ն է հասել։

-Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ը զգալի գերազանցություն ուներ մյուս պետությունների նկատմամբ։ Նրան բաժին էր ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 50%-ը։ Աշխարհառազմավարական խնդիրը Ռուսաստանն էր՝ որպես սպառնալիք Եվրոպայի համար։ Պատերազմից հետո Եվրոպան թույլ էր և ուժասպառ։ ԱՄՆ-ի դերը՝ որպես առաջնորդ, ակնհայտ էր և Արևմուտքի համար անհրաժեշտ։ Այդ դերը կայանում էր նրանում, որ Ամներիկան թելադրում էր շրջանակային պայմաններ, իսկ մյուս երկրներն այդ շրջանակային պայմաններին հետևում էին։ Այժմ իշխանության կենտրոնը տեղաշարժվում է Ատլանտիկայից այլ տարածաշրջանների ուղղությամբ։ Ձևավորվել է նոր աշխարհակարգ, և ինչպես էլ որ դուք դա անվանեք՝ միայն Ամերիկայից այն կախում ունենալ չի կարող։