Օլանդն ու Մոնտին եվրոգոտու վիճակը կայուն են գնահատում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին բացառիկ հարցազրույց են տվել Euronews-ին։ Քաղաքական գործիչները հանդիպել էին Լիոնի քաղաքապետարանում՝ ֆրանս-իտալական ամենամյա գագաթաժողովի շրջանակում։

Ե՛վ Օլանդը, և՛ Մոնտին եվրոգոտում տիրող իրավիճակն անվանել են կայուն։ Նրանք վստահ են, որ եվրոպական միասնական արժույթին արդեն հաջողվել է խուսափել վատթարագույն սցենարից, և հետագա առաջնային նպատակը արդյունաբերական աճի վերականգնումն է։

Ֆրանսուա Օլանդն ասել է, որ չի կարծում՝ իր երկիրը, ինչպես նաև մնացած Եվրոպան կախված է Գերմանիայի տնտեսական քաղաքականությունից և կանցլեր Անգելա Մերկելի որոշումներից։ «Նույն կերպ Գերմանիան է կախված մնացած Եվրոպայից»,- ասել է նա։

Մարիո Մոնտին, մեկնաբանելով խիստ խնայողության քաղաքականության դեմ ուղղված բողոքի ակցիաների ընդլայնումը, նրանց մասնակիցներին խնդրել է հիշել, որ ներկայիս գործազրկությունը տասնամյակների շռայլ ապրելակերպի գինն է։ «Այսօր մենք ներդնում ենք ապագա սերունդների համար»,- ասել է Իտալիայի վարչապետը։

Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ իրենց կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումները համահունչ են համաեվրոպական քաղաքականությանը՝ ուղղված Եվրամիության անդամ երկրների գործողությունների էլ ավելի մեծ համակարգմանը։