Մեծ Բրիտանիայի դեսպանը Հ. Աբրահամյանի հետ հանդիպմանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշել է, որ վերջին տարիներին հայ-բրիտանական համագործակցությունը զարգանում է և Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար կարևոր է օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացումը:

«Մենք կարևորում ենք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է և ես` որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ ջանքեր գործադրել հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ և աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման և ամրապնդման, տարբեր ձևաչափերի շփումների ակտիվացման և փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարևորել է նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տնտեսական համագործակցության ակտիվացումը:

Դեսպան Լիչը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական փոխգործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ուղղություններով և այս համատեքստում կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Քեթրին Ջեյն Լիչը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան` որպես ԵՄ անդամ երկիր կարևորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը և ողջունում է Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սաֆարովյան գործին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: