Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների և Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես` ուշադրություն է դարձվել կոմունալ տնտեսությունների գործունեության ճիշտ կազմակերպման վրա:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին բարձրացված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու և իրավիճակը քաղաքներում բարելավելու ուղղությամբ:

Միաժամանակ` նա կարևորել է բոլոր հարցերում քաղաքների միջև սերտ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ըստ ամենյանի աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

Խորհրդակցությանը մասնակցել է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Մեկնաբանել