Հենրիխ Մխիթարյան. Հաղթանակը Բուֆոնի դարպասը խփած գոլից կարևոր է

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է դեկտեմբերի 5-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին, փոխանցում է Terrikon-ը:

«Մենք միշտ խաղադաշտ ենք դուրս գալիս մեծ տրամադրվածությամբ: Կարևոր չէ, որ արդեն դուրս ենք եկել 1/8 եզրափակիչ. մենք խաղադաշտ են դուրս գալիս հաղթելու համար, չէ որ մենք խաղում ենք սեփական հարկի տակ և մեր երկրպագուներն աջակցելու են մեզ»,-նշել է Մխիթարյանը:

Այն հարցին, թե Մխիթարյանը չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Թուրինում և ի՞նչ է պատրաստվում անել վաղը կայանալիք խաղին և արդյո՞ք նրան չի խանգարի Ջանլուիջի Բուֆոնի հեղինակությունը, հայ ֆուտբոլիստը պատասխանել է.

«Ասեմ, որ երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, չեմ մտածում, որ պետք է գոլ խփել: Ես մտածում եմ անել այն, ինչ մարզիչն է ասել: Մտածում եմ թիմի հաղթանակի մասին: Դա ինձ ավելի շատ կուրախացնի, քան գոլը Բուֆոնի դարպասը: Այո, նա համաշխարհային հռչակ վայելող դարպասապահ է, սակայն կարող եմ ասել, որ եթե վաղը հաղթենք, ավելի լավ կլինի, քան Բուֆոնի դարպասն ուղարկված գնդակը»,-հավելել է Մխիթարյանը:

Նշենք, որ «Շախտյոր»-«Յուվենտուս» խաղը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին երևանյան ժամանակով 23:45-ին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com