Nokia-ն մտադիր չէ Android-ով աշխատող սմարթֆոններ թողարկել

Nokia-ի ներկայացուցիչ Դուգ Դոուսոնը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե ընկերությունը մտադիր է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ թողարկել:

Այս լուրերի տարածման համար առիթ էր հանդիսացել այն, որ LinkedIn սոցցանցում հայտարարություն էր հրապարակվել թափուր աշխատատեղի մասին, որի համաձայն` պահանջվում էր «ընկերության նոր արտադրանքների համար Linux-ում «ներկառուցված» դրայվերների և ծրագրերի հետ աշխատող մասնագետ»: «Ներկառուցված» համակարգին այս դեպքում երկու արտադրանք էր համապատասխանում` Android-ը և webOS-ը, այդ իսկ պատճառով շատերն այս լուրն ընկալեցին որպես ֆինների կողմից Android-ի նկատմամբ հետաքրքրության արտահայտում:

Ինչպես պարզվեց, Nokia-ն ցանկանում էր գտնել մասնագետի, որը NokiaHERE քարտեզագրական «ամպային» ծառայության համար պաշտոնական ծրագիր կստեղծեր, որը կաշխատեր Android օպերացիոն համակարգով: Ընդ որում` iOS օպերացիոն համակարգի համար ևս նախատեսված է համանման ծրագիր: