Ծառուկյանի բրյուսելյան այցը Բելգիայի ՀՀ դեսպանությունը չի կազմակերպել. ԱԳՆ

Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Ավետ Ադոնցը հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել կազմակերպել է Բելգիայում ՀՀ դեսպանությունը, ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ավետ Ադոնցը նշել է, որ «ՀՀ դիվանագատական ծառայության մասին» օրենքի ու «ՀՀ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում ԱԳՆ համակարգող դերի մասին» ՀՀ նախագահի հրամանագրի դրույթների դեսպանությունները այցերը կազմակերպում են միայն ԱԳՆ հանձնարարականների հիման վրա։

«Ինչ վերաբերում է կոնկրետ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցին, ապա Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելությունները որևիցե առնչություն չունեն դրա կազմակերպման հետ»,- ընդգծել է դեսպանը։

Նշենք, որ լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով ԲՀԿ պատվիրակության` դեկտեմբերի 4-6-ը Բրյուսել կատարելիք այցին, գրել էր, թե այն կազմակերպելու համար «շատ է աշխատել Եվրամիությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, որը նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ համամասնական ցուցակի 7-րդ անդամն էր: Դիվանագիտական իր կապերն է օգտագործել նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը»:

Մեկնաբանել