Շիրակում բրուցելյոզ է հայտնաբերվել

Շիրակի մարզում ավարտվել է խոշոր եղջերավոր կենդանիների արյան հետազոտությունը, որի արդյունքում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ կենդանիներ և ենթարկվել հարկադիր մորթի. այս մասին հաղորդեց «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականը: 2000 կենդանիներից վարակը հայտնաբերվել է 33 կենդանու մոտ, որոնք տարբեր համայնքների տարբեր տերերի են պատկանում:

Այս հիվանդությունն առանձնապես վտանգավոր է, քանի որ վարակված կենդանին արտահայտված ախտանիշեր չի ունենում, նաև՝ հիվանդության համար չկա պատվաստանյութ, վարակն էլ հեշտությամբ կարող է կենդանուց մարդուն փոխանցվել: Հիվանդությունը հայտնաբերելու համար, սահմանված կարգով, տարեկան երկու անգամ կատարվում է կենդանիների արյան լաբորատոր հետազոտություն:

Վարակված կենդանիները պարտադիր ենթարկվում են մորթի, միսը, սակայն, օգտագործվում է սննդի մեջ: Շոգեխաշելուց հետո այն կարելի է օգտագործել, վիրուսը վերանում է 66 աստիճանում. միսը մթերում են նաև երշիկեղենի արտադրության համար: Վտանգը հիմնականում սպառնում է անասնապահերին:

Բրուցելյոզով հիվանդ կենդանու կաթը ևս վարակիչ է, եթե այն օգտագործվում է անմշակ: Սակայն սննդի անվտանգության մասնագետները խորհուրդ են տալիս այն չօգտագործել՝ նույնիսկ մշակելուց հետո: Նրանք հորդորում են զերծ մնալ պատահական կետերից կաթնեղեն՝ կաթ, մածուն, պանիր գնելուց, քանի որ դրանք չեն վերահսկվում:

Մեկնաբանել