Մատաղիսի գործով իրական մարդասպանին հովանավորում են. Ա.Սաքունց

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Մատաղիսի գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստի ժամանակ պետմեղադրողն ընթերցել էր մեղադրական ճառի ներածական մասը, որով պնդել էր գործով երեք ամբաստանյալների դեմ առաջադրված մեղադրանքը, այնուհետև դատարանից ժամանակ խնդրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

Gala.tv-ին հաղորդում է, որ այսօրվա դատական նիստի ընթացքում պետմեղադրողները դատարանին միջնորդել են փոխել ամբաստանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները՝ համաձայն որի, գործով երեք ամբաստանյալները՝ Արայիկ Զարյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը մեղադրվում են ոչ թե դիտավորյալ, այլ անզգույշ սպանության մեջ: Ըստ գործում առկա նյութերի՝ նրանք Մատաղիս գյուղի ջրանցքի մոտ Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին դաժան ծեծի են ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով և մետաղյա ձողերով բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ «Եղիազարյանի և Մկրտումյանի առողջությանը պատճառելով լուրջ վնաս»:

Սակայն ըստ ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանի՝ իր պաշտպանյալները չեն իրական սպանողները, «և եթե գործն այսպես շարունակվի, իրական մարդասպանները մնալու են դրսում»: Նրա հետ համաձայն են իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ ևս:

«Փաստորեն զինվորական դատախազությանն ութ տարի էր պետք հասկանալու համար, որ սխալ մեղադրանք է առաջադրվել»,- ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա ևս վստահ է, որ մեղադրանքի վերաորակմամբ դատախազությունը շարունակում է արդարացնել երիտասարդների ձերբակալությունը և խուսափել իրական կասկածյալներին գործի մեջ ներգրավելուց: «Իր թուքը չի լիզում, էլի»,- որակել է Ա.Սաքունցը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել