Օսկանյանի գործը քրեական օրենքի ընկալման հետ որևէ կապ չունի. ակադեմիկոս

Եթե մեկն իրեն չի համարում տուժող, չի համարում, որ ինքը տուժել է, ուրեմն չկա հանցագործություն. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում այսօր նշեց քրեական իրավունքի մասնագետ, Ռուսաստանի ակադեմիայի անդամ, հեղինակավոր տեսաբան Սամվել Կոչոյին:

Նա նշեց, որ Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս»-ի միջև կատարված գործարքները ՀՀ քաղաքացիական օրենսդրության տրամաբանության շրջանակում են: «Իսկ այն ինչ քաղաքացիական օրենսդրությամբ կարելի է, չի կարող արգելված լինել քրեական օրենսգրքով. դա նոնսենս է»,- ասաց նա:

Կոչոյին հիշեցրեց նաև՝ որոշիչ գործոն է այն, որ բոլորին հայտնի է, որ «փողերը կեղտոտ չեն եղել», և նման իրավիճակում «ուղղակի զարմանալի է, թե ինչու է նման մեղադրանք առաջադրվել»: «Այս մեղադրանքը, միայն սա կասեմ, որևէ կապ չունի քրեական օրենքի ընկալման հետ,- նշեց նա:- Եվ բոլոր այն մասնագետները, որ զբաղվում են օրենքի այս ոլորտով, կհամաձայնեն, որ ես ճիշտ եմ ասում, և դա է միակ տրամաբանական մոտեցումը: Նրանք [ՀՀ դատախազությունը] չեն ուզում շեշտադրել այս գործարքների կատարման «շահադիտական նպատակների» կետի վրա, իսկ ես շեշտադրում եմ դա, որովհետև դա է գործի տրամաբանությունը»: Նա հավելեց, որ շատ կարևոր կետ է, թե ում ինչ չափի վնաս է հասցվել, մինչդեռ գործի նյութերում դա ոչ մի տեղ նշված չէ. «Դա պիտի նշված լինի, դա պիտի կոնկրետ լինի՝ գուցե դա խոշոր վնաս է, գուցե դա առանձնապես խոշոր վնաս է, դա անպայման պիտի նշված լինի»:

Ըստ Կոչոյիի՝ ընդհանրապես, այս հարցերը պետք է դիտարկել ամբողջական համատեքստում՝ գործում ներգրավված մարդկանց կյանքը, նրանց նկատմամբ աշխարհի և հանրության վերաբերմունքը հաշվի առնելով: «Երբ ինձ տվեցին գործի նյութերը, ես նախ համացանցում սկսեցի փնտրել, թե ով է Հանթսմանը. պարզեցի՝ բավական հարգարժան մարդ, նախկին դեսպան Չինաստանում, Յուտայի նահանգապետ, նույնպես և՝ Օսկանյանը, մեծ քաղաքական անցյալով մարդ. և հասկանո՞ւմ եք, նման կշռի տեր մարդիկ չեն գնա նման տիպի քրեական գործարքների՝ այն էլ, ասենք, այդպիսի ակնհայտ ձևով՝ «վերցրու, մի մասը գրպանիր, մյուս մասը ինչ-որ բան արա», հասկանո՞ւմ եք, դա հնարավոր չէ»,- ասաց նա:

Ամփոփելով՝ ռուս վաստակավոր իրավաբանը նշեց, որ մազաչափ անգամ չի կասկածում հայ իրավաբանների մասնագիտական հմտության վրա, և հույս հայտնեց, որ այն պատշաճ կկիրառվի այս գործի քննության ընթացքում:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտը ևս իրավական եզրակացություն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի վերաբերյալ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին՝ նշելով «Օսկանյանի՝ որպես մեղադրանք առաջադրվող վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը, ուստի՝ իրավաչափ են, ինչը բացառում է դրանց որակումը որպես յուրացում»: