Է.Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-ին մասնակցել է Աշգաբադում կայացած Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին. տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր այսօր կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի, ԱՊՀ տարածքում բազմակողմ համագործակցության առանցքային ուղղությունների վերաբերյալ:

ԱԳ նախարարները մասնավորապես քննարկել են գործող թուրքմենական նախագահության կողմից նախաձեռնած ԱՊՀ-ում համակողմանի համագործակցության հետագա զարգացման մասին հռչակագրի նախագիծը, որը ներառվել է Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում:

Նախարարների խորհրդում անդրադարձ է եղել նաև հումանիտար, բնապահպանական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին:

Մասնավորապես՝ նիստի ընթացքում քննարկվել են գալիք տարի «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» միջպետական ծրագրի և 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի իրականացման հարցերը:

Քննարկվել է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման վերաբերյալ որոշման նախագիծը։

Նախարարական հանդիպման ուշադրության կենտրոնում էր նաև ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմինների աշխատանքը: Մասնավորապես՝ արտգործնախարարներն անդրադարձել են ԱՊՀ մասնակից երկրների պետական և հասարակական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը։

Աշգաբադում կայացել է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը 2013թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջերս կայացած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Նախարարներ Նալբանդյանն ու Գրիշչենկոն անդրադարձել են դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին։