ՊԵԿ-ի հավաքագրումների ցուցանիշները չեն արտացոլում մակրոտնտեսական վիճակը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պետբյուջեի հարկային մուտքերը շարունակում է ապահովել կանխավճարների, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գերավճարների և մաքսային ոլորտում կամայականությունների ճանապարհով։ Հոկտեմբերին ՊԵԿ-ը հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցվճարների գծով պետբյուջե է ապահովել լրացուցիչ Դ16 մլրդ-ի մուտք։ Ուշագրավ է, որ ներկրման ծավալների 9,5% աճի պայմաններում մաքսատուրքի գծով հավաքագրումներն ավելացել են երկու անգամ, առևտրի ու ծառայությունների համապատասխանաբար 4,9% և 9,2% աճի դեպքում ԱԱՀ-ի հավաքագրումներն ավելացել են 30%-ով։

Այս տարվա տասը ամիսներին ՊԵԿ-ը պետբյուջե է ապահովել Դ707,45 մլրդ-ի հարկային մուտքեր, ինչը անցած տարվա համեմատ ավելի է 10,3%-ով։ Այս տարի պետբյուջե հավաքագրվելիք լրացուցիչ Դ101 մլրդ-ից տասը ամիսների կտրվածքով ՊԵԿ-ը ապահովել է Դ66,3 մլրդ։ Տարեվերջի երկու ամիսների ընթացքում ՊԵԿ-ին անհրաժեշտ է լինելու հավաքագրել լրացուցիչ Դ34,7 մլրդ կամ ամսական կտրվածքով Դ17,35 մլրդ։ Դատելով այս տարվա տասը ամիսների, մասնավորապես հոկտեմբերի հավաքագրման մեթոդներից, ՊԵԿ-ն ամենայն հավանականությամբ ամեն գնով կկատարի ծրագրային ցուցանիշը։

Լրացուցիչ Դ101 մլրդ-ից Դ50,5 մլրդ-ի հավաքագրման ապահովումը չորրորդ եռամսյակում ՊԵԿ-ին դրդել է կոշտ մեթոդների։ Հենվելով «2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների վերաբերյալ աղյուսակը և գրաֆիկական պատկերները» հրապարակման տվյալների վրա՝ հոկտեմբերին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, հավաքագրված Դ16 մլրդ-ի մի մասն ապահովվել է հենց նման մեթոդների հաշվին։ Հոկտեմբերին ՊԵԿ-ն ապահովվել է Դ80,76 մլրդ-ի հարկային մուտքեր, ինչը կազմել է չորրորդ եռամսյակում ընդհանուր հավաքագրվելիք Դ248,4 մլրդ-ի 32,5%-ը։

Լրացուցիչ մուտքերն ամեն գնով ապահովելու սկզբունքի մասին է վկայում նաև այն, որ հոկտեմբերին հավաքագրված միջոցներն առանձին հարկատեսակների մասով, մեղմ ասած, չեմ համապատասխանում ընդհանուր մակրոտնտեսական վիճակին։
Ըստ ՊԵԿ-ի՝ հոկտեմբերին ԱԱՀ-ի գծով հավաքագրվել է Դ38,85 մլրդ, ինչը 2011թ. նույն ամսվա համեմատ ավելի է Դ9 մլրդ-ով կամ 30,2%-ով։ Ցուցանիշն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ հարկման բազայի նման կտրուկ աճ կարծես չի արձանագրվել։ Եթե ծավալը հավաքագրվել է ստվերի կրճատման ճանապարհով, ապա այն պետք է իր արտացոլումը գտներ մյուս ոլորտների ցուցանիշներում։ Օրինակ՝ այս հոկտեմբերին, 2011թ. նույն ամսվա համեմատ, առևտրաշրջանառությունն աճել է 4,9%-ով, ծառայությունները՝ 9,2%-ով, բայց ոչ 30%-ով։ Եթե անգամ հաշվի առնենք, որ ներկրումն աճել է 9,5%-ով, իսկ գնաճը կազմել է 3,4%, միևնույն է, ԱԱՀ-ով հարկվող բազայի աճը եղել է շատ ավելի փոքր, քան հավաքագրված հարկի ցուցանիշը։

ԱԱՀ-ի գծով հավաքագրված միջոցների նման ավելացումը հնարավոր է բացատրել միայն արտահանման 18% աճով։ Հայաստանում արտահանումն ազատված է ԱԱՀ-ից, սակայն ԱԱՀ-ն վերադարձվում է միայն արտահանումից հետո, ընդ որում՝ որոշ ժամանակ անց։ «Հարկերի մասին» օրենքով սահմանված է՝ պետբյուջե հավաքագրվող հարկատեսակների գերավճարների վերադարձը 90 օրից ուշացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ։ Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի հոկտեմբերյան գերավճարները կվերադարձվեն մյուս տարի։

Այն, որ այս տարի տեղի է ունեցել գերավճարների աճ, վկայում են ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ամփոփ ցուցանիշները։ 2012թ. ինը ամիսներին (տասը ամսվա ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել) 468 խոշոր հարկ վճարողների գերավճարների ծավալը կազմել է Դ101,2 մլրդ, որից Դ62,3 մլրդ-ը՝ ԱԱՀ-ի գծով։ Անցած տարվա համեմատ՝ գերավճարների ծավալն աճել է մոտ Դ6 մլրդ-ով, միայն ԱԱՀ-ի գծով՝ Դ5 մլրդ-ով։

Պետբյուջեի հոկտեմբերի ցուցանիշներն ամեն գնով ապահովելու մասին են վկայում նաև մաքսատուրքի գծով հավաքագրումները։
Այսպես՝ այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, մաքսատուրքի ծավալն աճել է 2 անգամ՝ կազմելով Դ5 մլրդ։ Եվ սա այն պայմաններում, երբ հոկտեմբերին ներկրման ծավալներն աճել են ընդամենը 9,5%-ով։ Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ 2012թ. մի շարք ապրանքների ներկրման վրա սահմանվել է 10% մաքսատուրք, և այն, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել գների աճ և որպես հետևանք՝ մաքսային արժեքի բարձրացում, միևնույն է, այս ամենը չէր կարող բերել մաքսատուրքի գծով մուտքերի կրկնակի ավելացման։ Ամենայն հավանականությամբ, մաքսազերծումն իրականացվել է ոչ թե գործարքի գնի, այլ համանման ապրանքների գործարքի գնի, ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի, հաշվարկային արժեքի կամ պահուստային մեթոդներով։

Ըստ վճարված անուղղակի հարկերի ծավալի՝ տնտեսավարողների գործերը կարծես վատ չեն եղել։ Սակայն ուղղակի հարկի մուտքերն այլ բան են վկայում։ Հոկտեմբերին շահութահարկի գծով պետբյուջե մուտքերը կազմել են Դ5,91 մլրդ, ինչը անցած տարվա համեմատ պակաս է 0,1%-ով։ Նվազումը, իհարկե, աննշան է, սակայն ուշագրավն այն է, որ այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կրճատվում են շահութահարկի գծով հավաքագրումները։

Մեկնաբանել