VW-ն ընդլայնվում է ԱՄՆ-ի հաշվին

2013թ. գերմանական Volkswagen ավտոհսկայի վաճառքները կհասնեն 9,4 մլն ավտոմեքենայի: Այս ցուցանիշով կոնցեռնը կգերազանցի ամերիկյան General Motors-ին և կզիջի միայն ճապոնական Toyota-ին։

Volkswagen-ն ամրապնդում է դիրքերը գլոբալ շուկայում։ Եթե 2013թ. պահպանվեն կոնցեռնի վաճառքի ընթացիկ տեմպերը, այն երկրորդ տեղը կզբաղեցնի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքների ծավալով։ 2013թ. General Motors-ի վաճառքները կկազմեն 9,3 մլն ավտոմեքենա: Հաջորդ տարի ևս առաջատարը կշարունակի մնալ ճապոնական Toyota-ն՝ 10,2 մլն ավտոմեքենայի վաճառքներով։

Անցած ամիս աշխարհի խոշորագույն ավտոշուկայում՝ ԱՄՆ-ում, Volkswagen-ը վաճառքի աճի ցուցանիշով գերազանցել է տեղական արտադրողներին: Գերմանական կոնցեռնը նոյեմբերին ԱՄՆ-ում վաճառել է 36,7 հազ. ավտոմեքենա, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 29,3%-ով: Toyota-ի վաճառքներն ավելացել են 17,2%–ով, իտալական Fiat-ինը՝ 14,4%-ով, ամերիկյան Ford-ինը՝ 6,6%-ով, General Motors-ինը՝ 3,4%-ով։