Forbes-ը հրապարակել է «գերվճարվող աստղերի» թոփ 10-ը

Ամերիկյան հանրահայտ կատակերգական դերասան Էդի Մերֆին գլխավորել է Forbes հեղինակավոր ամսագրի «գերվճարվող աստղերի» վարկանիշը: Ցանկում ընդգրկված են հոլիվուդյան այն դերասանները, որոնք նվազագույն շահույթ են բերում կինոարտադրողներին:

Այսպես՝ Forbes-ի հաշվարկով՝ Մերֆիին վճարվող ամեն մի դոլարը բերում է 2,3 դոլարի շահույթ, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է կինոարտադրության համար: Ինչպես գրել է հանդեսը, վերջին տարին բավական անհաջող էր կատակերգուի համար. նրա մասնակցությամբ ֆիլմերի մեծ մասը վարձույթում այնքան էլ հաջողակ չեն եղել:

2-րդ հորիզոնականում է Քեթրին Հեյգլը, որին վճարվող յուրաքանչյուր դոլարը բերում է 3,4 դոլարի շահույթ: «Ոչ շահութաբեր աստղերի» եռյակը եզրափակում է Ռիզ Ուիզերսփունը՝ 3,9 դոլարով:

Աստղերի շահույթը` ներդրված 1 դոլարի դիմաց. Forbes

  1. Էդի Մերֆի ($2,3)
  2. Քեթրին Հեյգլ ($3,4)
  3. Ռիզ Ուիզերսփուն ($3,9)
  4. Սանդրա Բուլոք ($5)
  5. Ջեք Բլեք ($5,20)
  6. Նիքոլաս Քեյջ ($6)
  7. Ադամ Սենդլեր ($6,3)
  8. Դենզել Վաշինգտոն ($6,30)
  9. Բեն Սթիլեր ($6,5)
  10. Սարա Ջեսիկա Փարքեր ($7)

Հոլիվուդն իր ամենահայտնի աստղերին մեկ ֆիլմի համար միլիոնավոր դոլարներ է վճարում: Նրանցից ոմանք արժանի են այդ գումարներին, մինչդեռ «գերվճարվող աստղերի» ցանկում ընդգրկվածները, հիմնվելով նրանց վերջին երեք ֆիլմերի վրա, արժանի չեն այն գումարներին, որոնք ստացել են, գրել է Forbes-ը:

Մեկնաբանել