Կոռուպցիայի ընկալումն աշխարհում 2012-ին. Transparency International

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունն այսօր հրապարակել է 2012թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը։

Զեկույցում ներառված 176 երկրների շարքում Հայաստանը 105-112-րդ տեղերն է կիսում Ալժիրի, Բոլիվիայի, Գամբիայի, Կոսովոյի, Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ: Այս երկրներում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 34 է:

Նշենք, որ կազմակերպությունն այս տարի փոխել է Կոռուպցիայի ընկալման համաթվի կազմման մեթոդոլոգիան: Ինդեքսն այս տարի ներկայացված է 0-ից 100-միավորանոց գնահատման սանդղակով, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացվածությունն է, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայությունը։ 2011թ. օգտագործվել էր 0-ից 10-միավորանոց գնահատման սանդղակը, որի արդյունքներով` Հայաստանում 2010 և 2011 թթ. կոռուպցիայի ընկալման ցուցանիշը եղել է 2,6: 2011թ. Հայաստանը 183 երկրների շարքում զբաղեցրել է 129-րդ տեղը:

Տարածաշրջանի երկրներից ամենաքիչ կոռումպացվածը Վրաստանն է. այն 52 միավորով կիսում է աղյուսակի 51-52-րդ տեղերը Սեյշելների հետ: Թուրքիան 49 ցուցանիշով Չեխիայի, Լատվիայի և Մալայզիայի հետ կիսում է 54-57-րդ տեղերը: Իրանը կոռուպցիայի ընկալման 28 միավորով կիսում է աղյուսակի 133-138-րդ տեղերը Կոմորյան կղզիների, Գայանայի, Հոնդուրասի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ: Ադրբեջանում կոռուպցիայի ցուցանիշը 27 է: Այն Քենիայի, Նեպալի, Նիգերիայի և Պակիստանի հետ կիսում է 139-143-րդ տեղերը:

Կոռուպցիայի ընկալման վարկանիշի առաջին հորիզոնականներում են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, որոնք հավաքել են 90 միավոր:

Բացարձակ չկոռումպացված երկիր վարկանիշում չկա: Ամենակոռումպացված երկրները, Transparency International տվյալների համաձայն, կրկին Աֆղանստանն են, Հյուսիսային Կորեան և Սոմալին` 8 միավոր:

Transparency International-ում նշում են, որ անցած տարվա ընթացքում պետական մարմինների կոռոպուցիայից հասարակական դժգոհությունները հանգեցրին մի շարք երկրների առաջնորդների պաշտոնանկությանը: Ամեն դեպքում, այս տարի ևս աշխարհի մի շարք երկրներում կաշառակերության, պաշտոնական լիազորությունների չարաշահման ծավալները շարունակում են մնալ բարձր: 2012թ. զեկույցը վկայում է, որ կոռուպցիան շարունակում է կործանարար ազդեցություն ունենալ հասարակության վրա:

Մեկնաբանել