Եգիպտոսի իշխանությունները «ճգնաժամի մոտալուտ ավարտ» են տեսնում

Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին երեկ գիշեր լքել է նախագահական պալատը, երբ հազարավոր ցուցարարներ փորձել են գրավել շենքը։ Կահիրեի կենտրոնում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները հանդես են գալիս՝ ընդդեմ Մուրսիի քաղաքականության, մասնավորապես՝ ընդդեմ Սահմանադրական հռչակագրի, որը պետության ղեկավարին օժտում է «անսահմանափակ լիազորություններով» և դատական հետապնդման անձեռնմխելիությամբ, հաղորդում է Euronews-ը։

Դեկտեմբերի 15-ին պետք է տեղի ունենա երկրի նոր Սահամանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։

Իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազատության և արդարության կուսակցության» առաջնորդ Սաադ ալ Քաթաթնին վստահ է, որ «ճգնաժամը, որից Եգիպտոսում վերջին երկու շաբաթներին տուժում են բոլորը, ավարտին է մոտենում»․ «Շատ շուտով, Աստված տա, մարդիկ, որոնք արտահայտում են հենց այսպես իրենց զգացմունքները՝ լինի դա բավականություն կամ զայրույթ, կգնան հանրաքվեի։ Իսկ հանրաքվեից հետո, ես հուսով եմ, իրավիճակը կկայունանա որոշ ժամանակով»։

Ցուցարարների բախումները ոստիկանների հետ երեկ շարունակվել են նաև Եգիպտոսի այլ քաղաքներում։ Այսպես, Ալեքսանդրիայում իրավապահներն արցունաքաբեր գազ են կիրառել։ Այստեղ ցուցարարները Մուրսիին մեղադրել են «իշխանական բոլոր լիազորությունների ուզուրպացման» մեջ և պահանջել են չեղյալ հայտարարել հանրաքվեն։

Եգիպտացի վերլուծաբանները նոր Սահմանադրությունն անվանում են դանդաղ գործողության ռումբ, որը Եգիպտոսը կվերադարձնի միջնադար։

Մեկնաբանել