The Daily-ն հրաժեշտ է տալիս պլանշետներին

Ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող News Corporation-ը հայտարարել է հատուկ պլանշետների համար նախատեսված էլեկտրոնային պարբերականի՝ The Daily-ի հրատարակությունը դադարեցնելու մասին։ Տաբլոիդի վերջին համարը լույս կտեսնի դեկտեմբերի 15-ին:

News Corp.-ը իր այս որոշումը պայմանավորել է տաբլոիդի նկատմամբ հետաքրքրության պակասով։ Ի տարբերություն պլանշետների համար նախատեսված այլ պարբերականների՝ The Daily-ն սեփական խմբագրակազմը և լուրերի ծառայությունն ունի, թեև միաժամանակ օգտագործում է նաև News Corp.-ի այլ ծառայությունների մեծ մասը։ Թերթի շաբաթական բաժանորդագրության գինը $0,99 է, տարեկանը՝ $39,99: Մերդոկը պարբերականը ստեղծելիս հայտարարել էր, որ անհրաժեշտ կլինի շաբաթական 500 հազ. բաժանորդագիր ներգրավել նախագծի կենսունակությունն ապահովելու համար։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ The Daily-ն 100 հազ. բաժանորդագրություն է ունեցել։

«The Daily-ն ամենասկզբից էլ էլեկտրոնային մեդիայի ոլորտում համարձակ փորձ էր ու նորարարություններն առաջ տանելու հարթակ։ Ցավոք սրտի, մենք չկարողացանք բավարար լսարան ապահովել, ինչը նախագծի երկարակեցության երաշխիք կլիներ»,– ասել է Մերդոկը:
The Daily-ի աշխատակիցների մեծ մասը կտեղափոխվի Մերդոկին պատկանող New York Post տաբլոիդ: Պարբերականի գլխավոր խմբագիր Ջեսի Անջելոն կդառնա New York Post-ի նոր հրատարակիչը:

The Daily-ի փակման մասին տեղեկությունը փորձագետների և շուկայի մասնակիցների համար անակնկալ չի եղել։ Նախագծի ձախողման հիմնական պատճառը, ըստ նրանց, պարբերականի iPad-յան «մասնագիտացումն» էր։ Տաբլոիդի Android-յան տարբերակը շատ ուշ է գործարկվել։

Մեկնաբանել