Դալիի կտավը վաճառվել է 2 մլն եվրոյով

Իսպանացի անվանի նկարիչ-սյուրռեալիստ Սալվադոր Դալիի կտավը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 2 մլն եվրոյով: Artcurial աճուրդի տան հաղորդմամբ՝ աշխատանքը ձեռք է բերել եվրոպացի մի հավաքորդ:

Խոսքը «Կարի մեքենա անձրևանոցներով՝ սյուրռեալիստական բնապատկերում» (Machine a coudre avec parapluies dans un paysage surrealiste) կտավի մասին է: Դալին այն վրձնել է 1941թ. ԱՄՆ-ում գտնվելիս՝ ռեժիսոր Ֆրից Լանգի «Սիրո նավակը» ֆիլմի համար: Կինոստուդիայի հետ հակասությունների պատճառով Լանգը հեռացվել էր նկարահանման աշխատանքներից, ինչի հետևանքով Դալիի նկարը մնացել է չպահանջված:

Սյուրռեալիստների աջակից և ոգեշնչող կոմս Լոտրեամոնը (Իզիդոր Դյուկասը) սիրում էր կրկնել, որ «գեղեցկությունն անատոմիական սեղանի վրա կարի մեքենայի և անձրևանոցի պատահական հանդիպումն է»: Կոմսի հենց այս խոսքերն են Դալիին ոգեշնչել «Կարի մեքենա անձրևանոցներով՝ սյուրռեալիստական բնապատկերում» կտավը ստեղծելիս: