ՆԱՏՕ-ն Բրյուսելում կայացած խորհրդի նիստի արդյունքում ընդունել է թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռային համալիրներ տեղակայելու Թուրքիայի պահանջը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ հրթիռները չեն օգտագործվելու ոչ թռիչքային գոտի ստեղծելու կամ հարձակողական գործողություններ իրականացնելու նպատակով: Հրթիռային համալիրը Թուրքիային կտրամադրեն ԱՄՆ-ն, Գերմանիան և Նիդեռլանդները: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելի խոսքով` Սիրիայի սահմանին հրթիռային համակարգերի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել դաշինքի անդամ երկրներին:
Ռասմուսենի խոսքով` ՆԱՏՕ-ին անհանգստացնում է, որ Սիրիան կարող է միջուկային զենք կիրառել: Հատկապես վերջին օրերին թե´ թուրքական, թե´ միջազգային մամուլում շրջանառվում է այն լուրը, թե Սիրիան հնարավոր է` քիմիական զենք օգտագործի: Սա անհանգստացրել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը նախազգուշացրել է Սիրիայի ղեկավարությանը` սխալ չգործել: Դամասկոսը սակայն, իր տնօրինության տակ ունենալով SCUD D քիմիական զենքը, հայտարարել է, որ այն կկիրառի միայն արտաքին միջամտության դեպքում: Hurriyet-ը գրում է, թե քանի դեռ հրթիռները չեն տեղակայվել, Սիրիայի սահմանակից շրջաններում ապրող Թուրքիայի շուրջ 17 մլն քաղաքացիներին սպառնում է քիմիական զենքի կիրառման վտանգը:
Թուրքիայի արտագին գործերի նախարարությունն արդեն իսկ անդրադարձել է ՆԱՏՕ-ի որոշմանը` այն որակելով դաշինքի միասնության և համերաշխության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող քայլ: Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ կրկին ընդգծվում է, որ Patriot-ները չեն օգտագործվելու ոչ թռիչքային գոտի ստեղծելու նպատակով:
Ռասմուսենը հստակեցրել է նաև հրթիռային համակարգերի տեղակայման ժամկետը` նշելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն արդեն իսկ տեղակայված կլինի թուրք-սիրիական սահմանին: Anadolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ հրթիռները կտեղակայվեն 3-5 շաբաթվա ընթացքում: