Մահացել է գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսի Հարությունյանը:

Արտուշ Հարությունյանը ծնվել է 1942թ. Շիրակի մարզի Գետք գյուղում: 1965թ. ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: Զինվորական կրթությունը շարունակել է ԽՍՀՄ Ֆրունզեի անվան զինվորական համազորային ակադեմիայում, որն ավարտել է 1978թ.:

1961-1991թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում` զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: 1992-ից ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի պաշտոնում: 1992-1996թթ. զբաղեցրել է օպերատիվ ուղղության հրամանատարի, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ-ԳՇ պետի տեղակալի պաշտոնները: 1996-2007 թթ. ծառայել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնում: 2007-ից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ էր:

Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով: Ամուսնացած էր, ուներ 2 որդի:

Արտուշ Թադևոսի Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ին, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված): Հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ից 13.00-ը, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված): Հուղարկավորությունը` ժամը 14.00-ին, Թոխմախի գերեզմանատանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Արտուշ Թադևոսի Հարությունյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: