HSBC-ն չինական ապահովագրությունը $9 մլրդ է գնահատել

Եվրոպայի խոշորագույն բանկը՝ բրիտանական HSBC-ն վաճառել է չինական ապահովագրական Ping An ընկերությունում իր 15,57% բաժնեմասը՝ $9,4 մլրդ-ով: Գործարքը ապահովագրական ընկերությունը $60 մլրդ է գնահատել։

Բաժնետոմսերը գնել է թայվանական Charoen Pokphand Group (CPG)-ը, որը վերահսկում է երկրի ամենահարուստ գործարար Դհանին Չեարվանոնտը։ Ընկերությունը հայտնի է որպես սննդամթերքի արտադրող։ Այն ներդրումներ է կատարում նաև անշարժ գույքում ու վերահսկում Շանհայում գործող Lotus սուպերմարկետների ցանցը:

HSBC-ն Ping An-ի բաժնետոմսերի 10%-ը $600 մլն-ով ձեռք էր բերել 2002թ.՝ հաջորդող տարիներին մեծացնելով բաժնեմասը: HSBC-ի ներդրումները բավական հաջող էին՝ պայմանավորված Չինաստանի ապահովագրական շուկայի զարգացման արագ տեմպերով:

Ping An-ը աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերություններից է, և երկրորդը՝ Չինաստանում: Ընկերության հաճախորդների թիվը 74 մլն է: Նոյեմբերի վերջին Ping An-ը հայտնվեց զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ պայմանավորված The New York Times-ում Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի և նրա ընտանիքի անդամների կարողության մասին սկանդալային հրապարակումներով։ Դրանցում նշվում էր, որ ընկերության բաժնետոմսերը պատկանում են վարչապետի հարազատներին: