Թուրինում ավարտվել է կինոտարվա վերջին նշանակալի իրադարձությունը

Իտալական Թուրինում ավարտվել է 30-րդ Միջազգային կինոփառատոնը՝ կինոտարվա վերջին նշանակալի իրադարձությունը:ել է 30-րդ միջազգային կինոփառատոնը՝ կինոտարվանշանակալի

Թուրինի փառատոնը երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար ունի մասնագիտական դպրոցի համբավ: Երկար տարիներ այն գլխավորել է Ալբերտո Բարբերան, որը ներկայում Վենետիկի փառատոնի ղեկավարն է: Հենց նա է դրել թուրինյան փառատոնի քաղաքականության հիմքն ու շարունակում է մնալ այս կինոիրադարձության առանցքային դեմքերից մեկը՝ որպես Երիտասարդ կինոյի ասոցիացիայի անդամ և Թուրինի Կինոյի ազգային թանգարանի տնօրեն, որը սերտորեն համագործակցում է փառատոնի հետ:

Թուրինը, անշուշտ, ունի մրցույթ, սակայն դրա նշանակությունն ավելի շուտ «մանկավարժական» է. այստեղ հիմնականում ցուցադրվում են այն ռեժիսորների դեբյուտներն ու երկրորդ-երրորդ աշխատանքները, որոնք դեռևս չեն թրծվել փառատոնային բոհում:

Հաշվի առնելով, որ այս կինոֆորումից երկու ամիս առաջ անցկացվում է Վենետիկի և գրեթե զուգահեռաբար՝ Հռոմի կինոփառատոնը, Թուրինն իր համար միանգամայն ճիշտ ժամանակահատված է ընտրել՝ դուրս մնալով որևէ անմիջական մրցակցությունից: Եվ կարևոր չէ, որ 2012թ. Թուրինում հաղթել է ավելի վաղ Սան Սեբաստյանում ցուցադրված «Շել» ֆիլմը. այստեղ գործում են ուրիշ չափանիշներ և համատեքստ:

Բրիտանացի Սքոթ Գրեմի «Շելը» յուրահատկությամբ չփայլող, սակայն հոգեբանական տեսանկյունից՝ նուրբ և վիզուալ առումով՝ հարուստ կինո է: Ֆիլմի գլխավոր հերոսուհին հոր հետ աշխատում է շոտլանդական բենզալցակայանում: Գավառական կյանքի մշտական ուղեկիցներն են կլաուստրոֆոբիան, ձանձրույթն ու արյունապղծությունը: Արատավոր այս շրջանից միակ ելքը փախուստն է, ինչ էլ անում Շելը: Ի դեպ՝ Թուրինում ներկայացված մի շարք դեբյուտներում սյուժետային հիմնական գիծը կառուցված է փախուստի և դրան դրդող պատճառների շուրջ, օրինակ՝ կուբացի Լյուսի Մյուլոյի «Մեկ գիշերը», թուրք Բելմին Սեյլեմեզի «Ներկա ժամանակը» կամ սլովակ Իվետա Գրոֆովայի «Դեպի Էշ քաղաքը»:

Այս ֆիլմերում պատկերված մռայլ հասարակության ֆոնին տարբերվել են որոշ չափով «թեթևամիտ» ֆիլմերը, ինչպես օրինակ՝ իտալացի ռեժիսոր Ջիպիի «Ծխել կամ թարգել» ֆիլմը և Էմիր ապ Ռիշարի ու Դարհարդ Էրդենիբուլագի «Առաջին ագրեգատը»:

Թուրինի երիտասարդ կինոյի միջազգային փառատոնը 1982թ. հիմնադրել է կինոքննադատ և պրոֆեսոր Ջաննի Ռոնդոլինոն: Կինոփառատոն հիմնելու նպատակն էր դուրս բերել Թուրինը տնտեսական ծանր վիճակից` քաղաքի կողմը գրավելով ոչ միայն իտալական և համաշխարհային կինոյի երևելի դեմքերին, այլև հազարավոր զբոսաշրջիկների: Ամենամյա միջոցառման անցկացումը հնարավորություն է տվել «լիցքավորել» Թուրինն ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային առումներով: