Կիմ Չեն Իրի անհատի պաշտամունքը Հյուսիսային Կորեային արժեցել է $120 մլն

Կիմ Չեն Իրի անհատի պաշտամունքը Հյուսիսային Կորեային արժեցել է $120 մլն, հաղորդում է հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը։

Օրինակ՝ Փհենյանում Կիմ Չեն Իրի 23-մետրանոց արձանը, որը կանգնեցվել է այս տարվա ապրիլին, արժեցել է $10 մլն։ Համանման յոթ արձաններ կանգնեցվել են տարբեր վայրերում, այդ թվում՝ պետական հաստատությունների շենքերում։ Այս ամենն արժեցել է ևս $50 մլն։

Բացի այդ՝ իշխանությունները $25 մլն ծախսել են Կիմ Չեն Իրի անունը 3200 Հավերժ կյանքի աշտարակների (հանգուցյալ առաջնորդների և հերոսների հուշարձաններ, որոնք կանգնեցված են Հյուսիսային Կորեայի հիմնական ճանապարհների խաչմերուկներին) վրա գրելու համար։

Եվս $15 մլն հատկացվել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) հիմնադիր Կիմ Իր Սենին և Կիմ Չեն Իրին պատկերող խճանկարները, ինչպես նաև $20 մլն՝ երկու առաջնորդների 20 մլն նկարները փոխելու համար։

Դինաստիայի պաշտամունքի համար գումար հավաքելու նպատակով Կորեայի աշխատանքի կուսակցությունը վերակազմավորել է հատուկ հիմնադրամը՝ ստեղծված 2007թ․ Կիմ Իր Սենին հավերժացնելու համար։ Քանի որ կամավոր նվիրատվությունները բավարար չեն եղել, համաձայն հարավկորեական թերթի տեղեկությունների, Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին ստիպել են հարկադիր նվիրատվություն կատարել՝ այդպիսով ապացուցելով նվիրվածությունը վարչակարգին։ Մասնավորապես՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները պահանջում են $150-ի չափով ներդրում այժմ արտասահմանում աշխատող յուրաքանչյուր հյուսիսկորեացուց։

Սակայն այս միջոցները, համաձայն «Չոսոն իլբոյի», նույնպես չեն բավարարում, և ԿԺԴՀ-ն բարձր տոկոսադրույքով վարկեր է վերցնում եվրոպական ու ասիական բանկերից։

ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենը երկիրը կառավարել է 1948-1994 թթ․։ Նրա որդին՝ Կիմ Չեն Իրը, Հյուսիսային Կորեան ղեկավարել է 1994-ից մինչև իր մահը՝ 2011թ․ դեկտեմբերի 17-ը։ Հյուսիսային Կորեայում ընդհանուր առմամբ կա երկու առաջնորդների մոտ 80 հսկայական արձան և մոտ 20 հազ․՝ փոքր։

Ներկայում ԿԺԴՀ-ն ղեկավարում է Կիմերի դինաստիայի երրորդ ներկայացուցիչը՝ Կիմ Չեն Ինը։

Մեկնաբանել