Սաակաշվիլին Իվանիշվիլիին բանակցությունների է հրավիրում

«Եթե մենք քաղաքական անորոշության պատճառով հայտնվենք մեկուսացման մեջ, այլևս չենք շարժվի դեպի Եվրոպա՝ մեր բնականոն միջավայր, այլ հեշտությամբ որս կդառնանք ռուս արկածախնդիրների համար»,- նախազգուշացրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում։ Նա Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին կոչ է արել դադարեցնել քաղաքական դիմակայությունը, գրում է պարբերականը։ Ճիշտ է՝ Վրաստանի նախագահն անմիջապես Իվանիշվիլիին մեղադրել է հետաքննություններ և ձերբակալություններ սադրելու մեջ։

Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել ներքին քաղաքականության վերահսկողությունը փոխանցել Իվանիշվիլիի կաբինետին և կենտրոնանալ արտաքին քաղաքականության վրա։ Նա Իվանիշվիլիին կոչ է արել դեմ առ դեմ բանակցություններ իրականացնել՝ փակուղուց ելք գտնելու համար։

Իվանիշվիլիի պաշտոնական ներկայացուցիչը թերահավատությամբ է արձագանքել։ Նա ասել է, թե Իվանիշվիլին վախենում է քաղաքական կաթվածից և «կասկածում է Սաակաշվիլիի՝ բարեկերպ համագոյակցության ձգտելու ունակության մեջ»։

Ի՞նչ դիրքորոշում ունի Արևմուտքը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ցանկանում, որ Վրաստանը շեղվի արևմտամետ և ժողովրդավարամետ ուղուց, սակայն գիտակցում են, որ շատ վրացիներ արդարադատության են «տենչում», գրում է Financial Times-ը։

Հարցազրույցում Սաակաշվիլին խոստովանել է, որ իր դատական համակարգն իդեալական չի եղել, բայց ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին իր օրոք չեն ձերբակալել, իսկ Իվանիշվիլիի կառավարությունը կարող է այդ քայլին գնալ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի դեպքում։ Այն նաև «չեզոքացնում է գլխավոր ձեռքբերումները»՝ վերածնում է «գերատեսչությունները, որոնք կոռուպցիայի օջախներ էին», ասել է Վրաստանի նախագահը։

«Մեր մոդելը՝ պուտինիզմի այլընտրանքը, հնարավոր է՝ վտանգված է»,- եզրափակել է Սաակաշվիլին։

Մեկնաբանել