Taraf-ի խմբագիրը Էրդողանին վիրավորելու համար 15 հազ. լիրա կվճարի

Թուրքական Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 15 հազ. լիրա կվճարի` որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Էրդողանի փաստաբանները դատի էին տվել Ամհեթ Ալթանին` դատարանից պահանջելով խմբագրից 30 հազ. լիրա գանձել` իրենց պաշտպանյալին վիրավորելու համար: Ըստ Էրդողանի` Taraf-ի գլխավոր խմբագիրն իր թերթի հունվարի 4-ի համարում «Պետության հանցակցությունը և բարոյականությունը» վերտառությամբ հոդվածում վիրավորել է իրեն:

Անկարայի առաջին ատյանի քրեական դատարանը մասամբ է բավարարել Էրդողանի պահանջը, և Ահմեթ Ալթանը կվճարի ոչ թե 30 հազ., այլ 15 հազ. լիրա:

Հատկանշական է, որ Էրդողանը հաճախ է դատի տալիս ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներին: 2012թ. հոկտեմբերին Էրդողանը շահել էր Taraf-ի մեկ այլ հոդվածագրի` Պերիհան Մաղդենի դեմ դատը:

Թուրքիայի վարչապետը պարբերաբար հայցեր է ներկայացնում նաև քաղաքական գործիչների դեմ. օրինակ Դիարբեքիրի Բույուքշեհիրի շրջանի քաղաքապետ Օսման Բայդեմիրից դատարանը պահանջել էր Էրդողանին վճարել 50 հազ. լիրա: Ընդ որում` տուգանքը պահվելու էր Բայդեմիրի աշխատավարձից և փոխանցվելու Էրդողանի հաշվին: