ՀՀ կառավարությունը մենաշնորհների ու կոռուպցիայի փաստաբանն է. Լ.Զուրաբյան

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է, որ կառավարության պատասխանն իրենց հարցապնդմանը բացահայտում է ահավոր մի իրողություն, այն է՝ «Հայաստանի իշխանություններն ի դեմս գործող կառավարության ունեն մենաշնորհների և համակարգային կոռուպցիայի նվիրյալ սպասարկու և փաստաբան». այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ գրասենյակի հաղորդագրությունից: Իր դիտարկումը Զուրաբյանը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

«1/ Նախ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Մինչդեռ, անգամ համաձայն պաշտոնական տվյալների, օրինակ, շաքարավազի շուկան 99 տոկոսով կենտրոնացած է մեկ ընկերության ձեռքում, ինչն արդեն հերքում է կառավարության պնդումը: Կառավարությունը ինքն էլ է իր պատասխանոում հերքում դա, օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է օրինակ, «պարենամթերքի շուկայում մենաշնորհային դրսևորումներ» բառակապակցությունը: Հարց է ծագում՝ եթե Հայաստանում մենաշնորհներ չկան, ինչու՞ է համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցը դնում Հայաստանը «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով 116-րդ տեղում: Եթե Հայաստանում մենաշնորհներ չլինեին մեզ այս ցուցանիշով պետք է դնեին 1-ին տեղում:

2/ Պատասխանում բառացիորեն ասված է, որ վերոհիշյալ պատճառով «Հայաստանի Հանրապետությունում վարվում է ոչ թե մենաշնորհների դեմ պայքարի, այլ տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականություն» և որ «օրենքը ուղղված է ոչ թե մենաշնորհների կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեմ պայքարին, այլ պաշտպանելու տնտեսվարող սուբյեկտներին և սպառողներին տնտեսական մրցակցության հետ կապված չարաշահումներից»: Փառք Աստծո, որ մերժելով մենաշնորհների գոյությունը, գոնե ընդունում են «գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների» առկայությունը, բայց պարզվում է, նրանց դեմ էլ պայքարելու որևէ նպատակ չունեն, այլ միայն պայքարելու են նրանց հետ կապված չարաշահումների դեմ: Փաստորեն, տնտեսվարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրք ունենալը ինքնին խախտում չի համարվում: Խախտում է համարվում գերիշխող դիրքի չարաշահումը, մասնավորապես, գների չհիմնավորված բարձրացումը: Այ սա է ճշմարտության պահը. եթե թարգմանենք ԿԱՌԱՎԱՌԵՐԵՆԻՑ, սա նշանակում է, որ մեր կառավարությունը պաշտոնապես ընդունում է, որ մենաշնորհների, կամ, ինչպես իրենք են սահմանում, «գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների» դեմ պայքարելուց հրաժարվում են, այսինքն խախտում են Սահմանադրությունը, որը պահանջում է կամ վերացնել նման մենաշնորհները, կամ նրանց օրենքով կանոնակարգել, ելնելով հանրության շահերի պաշտպանությունից:

3/ Պատասխանի մեջ սակայն ամենախայտառակ պնդումը հետևյալն է. «Կենտրոնացվածության համեմատաբար բարձր աստիճանը պայմանավորված է նաև որոշակի օբյեկտիվ գործոններով, ինչպիսիք են ՀՀ փոքր շուկան, փակ սահմանները, անբարենպաստ աշխարհագրական դիրքը, մրցունակ տնտեսվարող սուբյեկտների սակավությունը և այլն»:

Ըստ էության, մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը ոչ միայն արդեն վաղուց հանձնվել է մենաշնորհներին, այլ նաև փորձում է լեգիտիմացնել Սահմանադրությանը հակասող այս իրողությունը իբրև թե օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանգամանքներով:

Այստեղ ամենածիծաղելին այն է, որ համարյա բոլոր այդ հանգամանքները, որ կառավարությունը նշում է որպես մենաշնորհների գոյացման համար օբյեկտիվ պատճառ, իրականում հենց նույն իշխանության հանցավոր գործունեության արդյունք են:

Ու՞մ հայտնի չէ, որ Հայաստանում մենաշնորհները հիմնականում կառուցված են լայն սպառման ապրանքների ներկրման բնագավառների ապօրինի բաշխման վրա և ու՞մ հայտնի չէ, որ արդյունքում առաջացած ներկրող օլիգարխների գերշահույթները բազմապատկվում են Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից տարիներ շարունակ վարվող ազգային արժույթի արհեստական ուժեղացման հանցավոր և տնտեսական որևէ հիմնավորում չունեցող քաղաքականության շնորհիվ:

Ու՞մ հայտնի չէ, որ նույն այդ ներկրողների համար մաքսային մարմինները սահմանաում են մաքսազերծման արտոնյալ ցածր գներ, ինչի արդյունքում մի՛ կողմից դուրս են մղվում մրցակցության մեջ մտնող գործարարներ, մյո՛ւս կողմից բյուջե քիչ գումար է մտնում:

Ում հայտնի չէ, որ ներկրող օլիգարխների համար նման արտոնյալ ռեժիմ սահմանող մաքսային ծառայության ղեկավարը, այսինքն՝ ՊԵԿ նախագահը ինքը մի օլիգարխ է, որն իր համար սահմանել է, օրինակ, մենաշնորհային դիրք օպտիկամանրաթելային մալուխների ներկրման բնագավառում, քանի որ ցանկանում է ապահովել իր ունեցած U-com ֆիրմայի մենաշնորհը տվյալների կաբելային հաղորդման շուկայում, խոչնդոտելով, մասնավորապես, GNS Alfa ընկերության մուտքը նույն շուկա:

Ու՞մ հայտնի չէ Սերժ Սարգսյանի այն  մերձավորի անունը, ով տիրապետում է բենզինի և դիզվառելիքի շուկայի մենաշնորհին և միաժամանակ զբաղված է բարեպաշտ սերնդի դաստիարակման ազնիվ գործով:

Ու՞մ հայտնի չէ Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավորի անունը, ով ավիակերոսինի ներկրման մենաշնորհը  զուգորդում է ավիացիայի բնագավառում ազգային փոխադրողի մենաշնորհային դիրքի հետ, հերիք չէ, անգամ մենաշնորհային դիրք ունենալով, անորակ սպասարկմամբ և տիեզերական գներով խայտառակում է մեր երկիրը ամենուրեք և այնքան ապաշնորհ է, որ միջազգային պարտքերի շնորհիվ գտնվում է սնանկացման եզրին:

Ու՞մ հայտնի չէ, որ շաքարավազի ներկրումը բացարձակ մենաշնորհ է Հայաստանում, այն էլ իրականացվող մի մարդու կողմից, որը նման գերշահույթ ապահովող ձեռնարկատիրությունը Սահմանադրության խախտմամբ զուգորդում է պատգամավորական գործունեության հետ»:

Զուրաբյանը նշել է, որ անհրաժեշտ է մրցակցային օրենսդրության նորմերը համապատասխանեցնել միջազգային նորմերին և մշակել առաջիկա երեք տարիների տնտեսական մրցակցության օրենսդրության կիրարկման ռազմավարական ուղղությունները: