Հյուսիսային Լիբանանում երեկ գիշերվանից բախումներ են ընթանում զինյալ խմբավորումների միջև. այս մասին նշեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Նա հիշեցրեց, որ նախորդող օրերին 21 լիբանանցի հատել էր սիրիական սահմանը սիրիական ընդդիմության շարքերում կռվելու համար, և սպանվել կառավարական բանակի կողմից: Այսօր Լիբանանում Սիրիայի դեսպանը հայտնել է, որ Դամասկոսը պատրաստ է սպանվածների դիերը հանձնել Լիբանանին՝ ընդառաջելով պաշտոնական Բեյրութի պահանջին:
Գանտահարյանը հաղորդեց, որ այս իրողություններին զուգահեռ, կատարվում են քաղաքական հայտարարություններ Դամասկոս-Բեյրութ հարաբերությունները «բնականոն պահելու համար»:
Հյուսիսային Լիբանանում զինված բախումների արդյունքում երկու օրում զոհվել է 6, վիրավորվել՝ 56 մարդ: Տրիպոլիում այս պահին առավել հանգիստ է իրավիճակը, սակայն փակ են մնում դպրոցներն ու մանկապարտեզները, մարդիկ խուսափում են տանից դուրս գալ: