Կասկածելի է, որ 420 բնակարան կհասցնեն կառուցել. Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը asparez.am-ի հետ զրույցում նշել է, որ հազարավոր ընտանիքներ Գյումրիում շարունակում են անօթևան մնալ: Իր տվյալներով՝ 2008թ.-ին վերահաշվառում է իրականացվել և հիմնականում հաշվառվել են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած և չփոխհատուցված ընտանիքները, որոնց թիվը կազմել է 4270, մոտավորապես 270 ընտանիք չի կարողացել հաշվառվել, այսինքն` չեն կարողացել ժամանակի մեջ փաստաթղթերը համալրել և հանձնել քաղաքապետարան: Այդ 4270-ից 2010թ.-ին բնակարան է ստացել 1056-ը, իսկ արդեն 2012թ.-ին` 1756-ը: 420 անօթևան ընտանիքների բնակարանով ապահովել խոստացել են եկող տարի, բայց «մի քիչ կասկածելի է, որ 420 բնակարան կհասցնեն կառուցել»: «2008-2013թթ. աղետի գոտու վերականգնման ծրագրով սկզբում նախատեսվում էր ավելի շատ բնակարաններ կառուցել` ավելի քան 3700, բայց հիմա փաստորեն 3332 բնակարան կլինի, եթե 420-ը հաջորդ տարի բարով խերով կառուցվի»,- ասել է նա:

4270-ն ընտանիքներից մոտ 409-ը մերժվել են տարբեր պատճառաբանություններով` սեփականություն ունեն, գրանցումից դուրս են եկել ու հետո նորից եկել, նախկինում տուն են ստացել և այլն: «Նրանց մեջ կան նաև անհիմն մերժվածներ: Այստեղ խնդիրը ՀՀ կառավարության 432 որոշման մեջ փոփոխություններ իրականացնելն է և այն մեղմացնելը»,- ասել է Թումասյանը:

Մոտավորապես 3000-3500 ընտանիք էլ, «Շիրակ կենտրոն»-ի տվյալներով, հերթացուցակներում առհասարակ հաշվառված չէ և երկրաշարժի հետևանքով անօթևան չի համարվում, դրանց մեջ մտնում է նաև այն 270-ը, որ չի կարողացել հաշվառվել, այսինքն չի կարողացել ժամանակի մեջ փաստաթղթերը համալրել և հանձնել: 3000-3500-ի մեջ մտնում են նաև տասնյակ վթարային շենքերի բնակիչները, նախկինում բնակարանների գնման վկայագրեր ստացած, բայց բնակարան չգնած կամ բազմանդամ ընտանիքները, որոնք պարտադրված կիսվել են: Այսինքն` այդ 3500-ի 90 տոկոսը ենթակա է բարելավման ծրագրով բնակարանի տրամադրման, այլ բան է, որ 432 որոշումը չի թույլատրում: «Այդ ծրագիրը պետք է սպառված համարվի ու ընդունվի նոր որոշում` բարելավման ծրագիր: Բարելավման ծրագրի մեջ նաև պետք է սահմանվի օգտվելու կարգ: Այսինքն` 432 որոշմամբ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանի տրամադրման կարգն է սահմանված: Քանի որ հիմա բարելավման նոր ծրագիր պետք է ընդունվի` ես սա համարում եմ փակված: Այդ բարելավման ծրագրով նոր հաշվառվում կիրականացվի, բայց այս դեպքում ճիշտ կլինի առհասարակ ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների հաշվառում կատարվի: Հետո, ըստ այդմ, բնակարաններ հատկացվեն այն ընտանիքներին, ովքեր կհամապատասխանեն բարելավման ծրագրով սահմանված կարգի պահանջներին: Ես կարծում եմ, որ երբեք չպետք է լռության մատնել այս խնդիրը: Եթե բողոքներ, ահազանգեր, լուսաբանումներ չեն լինում, սովորաբար իշխանությունները սառեցնում են այս խնդիրը: Փուլեր կան, որ տարիներով սառեցվել են, որովհետև չի եղել արձագանք: Մարդիկ ճարահատյալ իրանց տնակներում ապրել են: Լրագրողներն ինտրիգներով ու բանսարկություններով են զբաղվել, իշխանությունները կողոպուտով ու կաշառքով, ՀԿ-ներն էլ չգիտեմ ինչով, և որևէ բան չի արվել: Կարծում եմ, այսպես չենք թողնի»,- նշել է Թումասյանը:

Գնահատելով այս տարի իրականացված բնակարանաշինությունը՝ նա նշել է, որ համապատասխան վերահսկողության և փորձի պակաս կար: «Բնակարանները կարծես թե նորմալ են, բնակության համար պիտանի են, բայց կան կոմունիկացիոն հարմարությունների հետ կապված խնդիրներ. նկատի ունեմ այն, որ մինչև հիմա գազը չեն միացրել: Համապատասխան վերահսկողություն պետք է լիներ, որ էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքերի տեղադրվեին ժամանակին, գազը միացվեր ժամանակին: Բացի այդ, ժողովուրդն էլ չի շտապում տեղափոխվել նոր բնակարաններ: Այսինքն, քանի որ պետությունը ինքը նեխված, կոռումպացված, ժամացույցի մեխանիզմի պես չաշխատող համակարգ է, դա անդրադառնում է նաև իրականացվող ծրագրերի ու ընդհանուր իրավիճակի վրա»,- նկատել է նա: