Բյուջեն ճամփա ընկավ

Ազգային ժողովը, ինչպես և սպասվում էր, երեկ ընդունեց 2013թ. պետական բյուջեն։ «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ՝ 37։

Նոյեմբերին ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումներից հետո պատգամավորները ներկայացրել էին 406 առաջարկություն։ Կառավարությունն ընդունել է 67 առաջարկ, 207 առաջարկների լուծումը հնարավոր է համարվել հաջորդ տարվա բյուջեով կամ միջնաժամկետ ծրագրով։ Հաշվի առնելով առաջարկությունները, ինչպես նաև այն, որ բյուջեի նախագծի հիմքում դրված է սեպտեմբերի փոխարժեքը՝ կառավարությունը կատարել է վերահաշվարկներ և վերջնական տարբերակում ծախսերը և եկամուտները ավելացրել Դ1,2 մլրդ-ով։ Եկամուտների ավելացման հիմնական աղբյուրը (մոտ Դ1 մլրդ) լինելու են պաշտոնական դրամաշնորհները։

ԱԺ-ի կողմից երեկ ընդունված բյուջեում եկամուտները սահմանվել են Դ1,032 տրլն, ծախսերը՝ Դ1,152 տրլն մակարդակում։ Ուշագրավ է, որ ծախսերը և եկամուտները Դ1,2 մլրդ-ով ավելացնելուց հետո բյուջեի նախագիծը ստացել է նույն այն տեսքը, որին կառավարությունը հավանություն էր տվել սեպտեմբերի 27-ին։ ԱԺ ուղարկած տարբերակում գործադիրը Դ1,2 մլրդ-ով կրճատել էր թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը։

Բյուջեի եկամուտների Դ992,9 մլրդ-ը պետք է ապահովվի հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։ Գալիք տարի 2012թ. համեմատ հավաքագրվելու է լրացուցիչ Դ118,6 մլրդ-ի հարկային եկամուտ, որից Դ31 մլրդ-ը՝ զինծառայողներին եկամտային հարկի դաշտ տեղափոխելու, իսկ Դ27,7 մլրդ-ը՝ հարկային վարչարարության հաշվին։

Գալիք տարին ծանր է լինելու պետպարտքի սպասարկման տեսակետից։ 2013թ. արտաքին պարտքի սպասարկմանը պետք է ուղղվի $418,6 մլն, որից $354,2 մլն-ը՝ հիմնական գումարի մարմանը։ Համեմատության համար՝ 2010թ. արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $94 մլն, 2011թ.՝ $118 մլն, այս տարի ուղղվելու է $245 մլն։ Գալիք տարի ծրագրվում է ներգրավել $479 մլն-ի վարկային միջոցներ։

Մեկնաբանել