Երևանը շարունակում է բեռ մնալ հարկատուների ուսերին

Մայրաքաղաքի եկամուտների 70%-ի աղբյուրը շարունակում է մնալ պետբյուջեն։ Այս պայմաններում քաղաքապետարանը վարչական ապարատի պահպանման ծախսերն ավելացնում է 4,5%-ով, դրոշների տեղադրման ծախսերը` 15%-ով, կամարների զարդարման ծախսերը` 27%-ով։

Երևանի 2013թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է Դ65,6 մլրդ մակարդակում, ինչը այս տարվա համեմատ ավելի է մոտ Դ1,9 մլրդ-ով կամ 3%-ով։ Գալիք տարի նախատեսված է կատարել Դ66 մլրդ-ի ծախսեր, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է Դ2,2 մլրդ-ով (3,4%-ով)։ Ծախսերի ավելացումը, սակայն, սեփական միջոցների հաշվին չէ։ Եկամուտների ընդհանուր ծավալում քաղաքապետարանի սեփական եկամուտները կազմում են Դ19,4 մլրդ (ընդհանուր եկամուտների ընդամենը 30%-ը), ինչը անցած տարվա համեմատ պակաս է Դ0,3 մլրդ-ով կամ 1,5%-ով։ Մայրաքաղաքը, ըստ էության, շարունակում է բեռ մնալ պետբյուջեի վրա։

Գալիք տարի քաղաքային բյուջեն պետբյուջեից կստանա Դ16,48 մլրդ-ի պաշտոնական դրամաշնորհներ. այն 2012թ. համեմատ քիչ է Դ0,3 մլրդ-ով կամ 1,9%-ով։ Մյուս կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերը ֆինանսավորելու համար պետբյուջեից այս տարվա համեմատ քաղաքապետարանին Դ2,5 մլրդ ավելի գումար կփոխանցվի (Դ29,7 մլրդ)։

Քաղաքային բյուջեի նախագծի ուղերձում նշվում է, որ հարկային եկամուտները ծրագրվել են Դ9,36 մլրդ-ի մակարդակում կամ 2012թ. ցուցանիշից Դ645,8 մլն-ով (6,5%-ով) պակաս։ 2013թ. ծրագրված հարկային եկամուտների նվազումը, ըստ քաղաքապետարանի, պայմանավորված է «Գույքի և հողի հարկի ապառքների մասին» օրենքի կիրառմամբ, ինչի արդյունքում զրոյացվել են 2008-2010 թթ. ապառքները։ Ստացվում է, որ օրենքի կիրառման արդյունքում նոյեմբերի 1-ի դրությամբ Երևանում զրոյացված Դ2,2 մլրդ-ից քաղաքապետարանը գալիք տարի ակնկալում էր հավաքել 30%-ը։ Թե որքանով դա կհաջողվեր քաղաքապետարանին, անհայտ է։

Ուղերձից պարզ չէ նաև, թե ինչն էր, օրինակ, քաղաքապետարանին խանգարել մինչ այս հավաքագրել 2008-2010 թթ. հողի հարկի գծով Դ183 մլն պարտքերն ու ևս Դ109 մլն տույժերը և գույքահարկի գծով Դ1,41 մլրդ-ը ու Դ0,91 մլրդ տույժերը։ Քաղաքապետարանն այս ընթացքում, նույն տրամաբանությամբ, քաղաքային բյուջե կարող էր ապահովել ավելի քան Դ2,6 մլրդ, որը չի արել։

Ապարատը թանկանում է
Մայրաքաղաքի կառավարման ծախսերը գալիք տարի, այս տարվա համեմատ, կավելանան Դ0,3 մլրդ-ով կամ 4,5%-ով՝ հասնելով ֌6,9 մլրդ-ի։ Օրենսդիր և գործադիր, ինչպես նաև պետական կառավարման մարմինների վրա կատարվելիք ծախսերը կկազմեն Դ6,9 մլրդ, ինչը այս տարվա համեմատ ավելի է Դ0,1 մլրդ-ով։ Ստացվում է, որ մայրաքաղաքի և պետական ապարատի պահպանման ծախսերը կազմում են Երևանի բյուջեի 21%-ը։

Ուշագրավ է, որ մայրաքաղաքի կառավարման ծախսերը կազմում են սեփական եկամուտների 41,8%-ը։ Աշխատակազմի վարձատրության, հավելավճարների և պարգևավճարների համար գալիք տարի նախատեսվում է ծախսել Դ5 մլրդ կամ սեփական եկամուտների 30%-ը։ Անցած տարվա համեմատ վարչական ապարատի վարձատրությանն ուղղվող միջոցների ծավալը կավելանա Դ0,8 մլրդ-ով կամ 19%-ով, ինչը պայմանավորված է հիմնականում եկամտային հարկի ներդրմամբ (միավորվում են աշխատակիցների եկամտահարկը և գործատուի կողմից վճարվող սոցվճարները)։

Թեև այս տարի Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել են մոտ Դ9 մլրդ-ի ասֆալտապատման աշխատանքներ, որից Դ4,5 մլրդ-ը՝ կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հաշվին, քաղաքապետարանը 2013թ. ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և պահպանման համար նախատեսում է ծախսել ևս Դ3,85 մլրդ։

Գալիք տարի կավելանան նաև դրոշների տեղադրման ծախսերը։ Եթե այս տարի քաղաքային բյուջեով դրոշների տեղադրման վրա նախատեսված էր ծախսել Դ73 մլն, ապա գալիք տարի դրա համար կծախսվի Դ84 մլն կամ 15%-ով ավելի։ Քաղաքապետարանը դրոշների տեղադրման և դրանք հանելու վրա կծախսի նույնքան գումար, որքան թեք տանիքների նորոգման կամ վերելակների հիմնանորոգման համար։

Գալիք տարի վերելակների հիմնանորոգմանը քաղաքապետարանը նախատեսում է ուղղել Դ89 մլն՝ 2012թ. Դ75 մլն-ի դիմաց։ Ի դեպ՝ Երևանում 4400 վերելակներից հիմնանորոգման կարիք ունի շուրջ 1500-ը։ Վերելակները, իհարկե, համատիրությունների սեփականությունն են, և դրանց անվտանգ շահագործումը, հիմնանորոգումը և փոխարինումը անմիջապես քաղաքապետարանի պատասխանատվության տիրույթում չէ, սակայն հաշվի առնելով համատիրությունների ֆինանսական վիճակը՝ քաղաքապետարանը դրանց փոխարինմանը կարող էր մի փոքր ավելի ուշադրություն դարձնել։ Քաղաքապետարանն ունի նաև այդ միջոցները, սակայն գերադասում է դրանք հատկացնել ավելի առաջնային միջոցառումներին, ասենք՝ սիզամարգերի ստեղծմանն ու ծաղկապատմանը (2013թ. նախատեսված է ծախսել Դ327,4 մլն), կամարանցումների և այլ շինությունների գունազարդմանը (Դ110 մլն կամ անցած տարվա համեմատ 27%-ով ավելի)։