Գյուլը պատրաստ է օգնել հալեպահայերին

Թուրքական Sky Turk հեռուստատեսությունը նախօրեին հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քայլեր է ձեռնարկում Սիրիայում ապրող փոքրամասնություններին, այդ թվում՝ հալեպահայերին Թուրքիա տեղափոխելու ուղղությամբ:

Sky Turk-ի եթերում թուրք լրագրող և վերլուծաբան Մուրատ Սաբունջուն ասել է, թե Հալեպը պատմական քաղաք է, որտեղ դարեր շարունակ կողք կողքի ապրել են տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ՝ արաբներ, հայեր, թուրքմեններ, քրդեր, ասորիներ:

«Այսօր այդ քաղաքի մեծ մասը երկրում տիրող պատերազմական իրավիճակի արդյունքում քարուքանդ է եղել: Առօրյա պատահարները այստեղ ապրողների համար սարսափ ֆիլմի նման մի բան են դարձել: Իրավիճակն այնտեղ բոլորի համար էլ վտանգավոր է, սակայն հատկապես նեղ վիճակում է հայտնվել հայ փոքրամասնությունը, որը հատուկ դեպք է: Այնտեղ ապրող հայերը առաջին իսկ օրվանից հայտարարեցին, որ որևէ կողմի դեմ չեն զինվելու: Նրանք մերժեցին պետության ներկայացրած զինման առաջարկը: Սակայն այսօր մարտերը հասել են Հալեպի հայերով բնակեցված Ալ Միդան [Նոր գյուղ] թաղամասը, և կռիվները գնալով սաստկանում են: Իրականում հայերը երկու կրակի մեջտեղում են հայտնվել»,– ասել է Սաբունջուն՝ շարունակելով, որ հալեպահայերը Մալաթիայից մինչև Այնթապ և Անատոլիայի տարբեր շրջանների սերունդներն են, որոնք 1915թ. հայկական կոտորածների հետևանքով Հալեպում են հայտնվել, իսկ Թուրքիան մինչև այսօր չի առերեսվել իր այդ պատմությանը: Ըստ Սաբունջուի՝ հենց այդ պատճառով էլ հայերը Հալեպը կոչում են «մայր գաղութ»:

Թուրք լրագրողը հայտնել է, որ վերջերս երկու կարևոր պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել Թուրքիայում, որոնց նպատակը եղել է հալեպահայերի՝ Թուրքիա տեղափոխելու հարցի քննարկումը՝ առանց այդ հարցը քաղաքական շահարկման առարկա դարձնելու: Առաջին հանդիպումը եղել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների և Թուրքիայի նախագահի խորհրդական Ահմեդ Սեվերի հետ, իսկ երկրորդը՝ հենց դրա հաջորդ օրը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Մոտ երեք ամիս առաջ Պոլսի «Ակոս» թերթի խմբագիր Ռոպեր Քոփթաշը Հալեպ այցելությունից հետո գրել էր, թե բազմաթիվ հալեպահայեր շարունակում են մնալ Հալեպում և վերջին պահին կարող են ստիպված լինել հեռանալ դեպի ամենամոտ վայրերը:

«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայ փախստականներին ընդունելու կոչ է արել, սակայն հայերը դա առանձնապես չեն ցանկանում: Հայերի մեծ մասը չի մտածում Թուրքիա գնալու մասին: Մի մասն էլ, եթե ստիպված լինի գնալ, խոր վշտով է ընդունելու դա: Ըստ երևույթին հրատապ իրավիճակում նրանց համար կարծես այլընտրանք չի մնալու»,– գրել էր Քոփթաշը:

Սակայն ըստ Ահմեդ Սաբունջուի՝ Թուրքիայի նախագահ Գյուլը անելու է հնարավորը՝ հայերին օգնելու համար: Ըստ Սաբունջուի՝ Գյուլն ասել է, թե խնդիրը մարդկանց կյանքը փրկելն է, և ինքը պետք է անի ամեն հնարավորը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ դա չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա:

Անցյալ շաբաթ Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարել էր, որ մարդասիրական օգնություն է ուղարկելու հալեպահայությանը, և որ այդ օգնությունը տեղ հասցնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական «Կարմիր մահիկ» կազմակերպության հետ:
Սաբունջուն հայտնել է, որ օգնության մյուս տարբերակը կլինի այն, որ իրենք հալեպահայերին ամեն կերպ աջակցեն, որ նրանք հաստատվեն Թուրքիայում, հենց՝ Պոլսում, նրանց քաղաքացիություն շնորհվի, կամ հնարավորություն տրվի ցանկության դեպքում Թուրքիան որպես տարանցիկ երկիր օգտագործելով՝ այլ երկրներ մեկնել:

Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ հալեպահայության օժանդակությանն ուղղված քայլերը մի կողմից Դավութօղլուի վերջերս առաջարկած «Թուրքիայի սփյուռքի» մասին նոր պատկերացման հետ են կապված, մյուս կողմից՝ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Թուրքիայի դիրքերը ավելի զորավոր ներկայացնելու ջանքերի:

Դավութօղլուն առաջարկել էր «Թուրքիայի սփյուռքում» ներառել բոլոր այն հավաքականությունները, որոնք Օսմանյան կայսրության սահմաններում են ապրել և այժմ դուրս են մնացել Թուրքիայի տարածքից: Ըստ Արիս Նալջըի՝ այս քայլով քաղաքացիություն է շնորհվելու բոլոր նրանց, ովքեր կարող են փաստել, որ երեք սերունդ առաջ իրենց նախահայրերը Թուրքիայից են եղել: Պոլսահայ լրագրողի կարծիքով՝ եթե հայերն օգտագործեն այս հնարավորությունը, հետագայում կկարողանան անգամ հայ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ ունենալ Թուրքիայում: «Սակայն իրականում խնդիրն այլ երանգ ունի: Այս քայլով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» չափավոր կրոնական կուսակցությունը մեծացնելու է իր ընտրազանգվածը, մանավանդ որ թուրքական սփյուռքի լայն հատվածներ ավելի շատ կրոնական պատճառներով են հեռացել, մասնավորապես՝ 60-ականների սկզբին և 80-ականներին Թուրքիայից հեռացած զանգվածները»,– ասաց Նալջըն:

Մինչդեռ Sky Turk-ի եթերում լրագրող Ահմեդ Սաբունջուն ասել է, որ Թուրքիայի այս քայլը նման է Իսպանիայի՝ ծագումով Իսպանիայից սեֆարդյան հրեաներին քաղաքացիություն շնորհելուն: Ըստ թուրք լրագրողի՝ պատմության վերքերից տառապող հայ ժողովրդի և սեփական պատմության հետ դեռևս չառերեսվող թուրք ժողովրդի միջև սարերը հալեցնելու համար սա կարևոր քայլ է, որն ապագայի նկատմամբ հույս կարող է ներշնչել:

Մեկնաբանել