Կառավարության հրահանգով գերատեսչությունները սահմանափակել են ծախսերը

Կառավարությունը մի կողմից ճշգրտում է այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը՝ այն ավելացնելով Դ2,6 մլրդ-ով, իսկ մյուս կողմից՝ ներքին կարգով պետական գերատեսչություններին հրահանգում սահմանափակել ծախսերը։ Արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների ու արտաքին պարտքի սպասարկման, ինչպես նաև դեֆիցիտի ֆինանսավորման միջև ճեղքվածքը գործադիրը փորձում է փակել ծախսերի սահմանափակման միջոցով։

Ընթացիկ տարվա տասը ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են Դ752,6 մլրդ, ծախսերը՝ Դ751,1 մլրդ, որոնք 80,9%-ով և 76,9%-ով, համապատասխանաբար, ապահովել են տարեկան ծրագրի կատարումը: Ծախսերի թերակատարման հետևանքով հունվար-հոկտեմբերին պետբյուջեն կատարվել է ավելի քան Դ1,5 մլրդ հավելուրդով՝ ծրագրով նախատեսված Դ46,6 մլրդ պակասուրդի դիմաց։

Ֆինանսների նախարարությունը բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվությունում նշել է, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականի՝ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների՝ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։ Ու թեև ֆիննախը վստահեցնում է, որ գումարները փոխանցել է պետական մարմիններին, վերջիններս չեն շտապել ծախսել դրանք։ Ըստ նախարարության՝ հավելուրդն առաջացել է պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների օգտագործման արդյունքում, որոնց գծով հավելուրդը կազմել է Դ4,5 մլրդ։ Առանց արտաբյուջետային միջոցների՝ պետական բյուջեն կատարվել է շուրջ ֌3 մլրդ պակասուրդով։

Պետական մարմինների կողմից ծախսերի թերակատարումը կարող է պայմանավորված լինի երկու հանգամանքով։ Առաջինը՝ բյուջեով կատարվելիք ծախսերի նախահաշիվներում դրվել են ուռճացված թվեր, և պետական գնումների համակարգում բացահայտված չարաշահումների ֆոնին գերատեսչությունները զգոնացել են, ինչի արդյունքում միջոցներ են տնտեսվել։ Մյուս հանգամանքը, որը հիմնավորվում է նաև թվերով, կարող է լինել այն, որ կառավարությունը խնդիրներ ունի նոր վարկային միջոցների ներգրավման և ըստ այդմ՝ դեֆիցիտի ֆինանսավորման հետ։

Այս տարվա ընթացքում արտաքին աղբյուրներից ծրագրված է ներգրավել ընդհանուր առմամբ $509 մլն-ի վարկային միջոցներ՝ արտաքին պետական պարտքի գծի սպասարկմանն ուղղելով $265,3 մլն ($193,7 մլն՝ հիմնական գումարի մարմանը, մոտ $71,6 մլն՝ տոկոսավճարներին)։ Տասը ամիսների կտրվածքով արտաքին աղբյուրներից ներգրավվել է $297,4 մլն, որից Դ249,4 մլն-ը՝ կառավարության գծով։ Միևնույն ժամանակ, պետպարտքի մարմանն ուղղվել է $120,6 մլն, որից կառավարության պարտքի գծով՝ $74,1 մլն։

Այս ընթացքում արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցներից Դ80,86 մլրդ-ն ուղղվել է դեֆիցիտի ֆինանսավորմանը՝ տարվա կտրվածքով նախատեսված է Դ92,6 մլրդ։ Ստացվում է, որ վերջին երկու ամիսներին կառավարությանը անհրաժեշտ է լինելու ևս Դ12 մլրդ՝ դեֆիցիտի ֆինանսավորման և $54 մլն՝ արտաքին պարտքի սպասարկման ($27,8 մլն՝ մայր գումարի մարմանը, $26,2 մլն՝ տոկոսավճարներին) համար։ Այլ կերպ ասած՝ նոյեմբերին և դեկտեմբերին գործադիրը ստիպված է լինելու արտաքին աղբյուրներից ներգրավել $84 մլն։

Եթե նույնիսկ հաշվի առնենք դեկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին հատկացվելիք հերթական $52 մլն-ի տրանշը (գումարը հատկացվում է կառավարությանը և ԿԲ-ին), միևնույն է, կառավարությունը ճեղքված է ունենում, որը փակելու լավագույն ճանապարհը ծախսերի սահմանափակման ճանապարհով դեֆիցիտի կրճատումն է։ Իսկ սա «չհայտարարված» սեկվեստր է:

Մեկնաբանել