Դինքի ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հրանտ Դինքի ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով, որ դատարանի առաջ կանգնեն Դինքի սպանության իրական կազմակերպիչները:

Բացի այդ` Դինքի ընտանիքը նշում է, որ Անկարան անտեսել և կյանքի չի կոչել Դինքի գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի խոսքով` Թուրքիայի կառավարությունը գործի բացահայտման ուղղությամբ ոչ մի «հստակ, լուրջ և ազնիվ քայլ» չի կատարել:

Դատարանը պատասխանատու չէ իր որոշումների կատարման համար, այդ պատճառով Դինքի ընտանիքը դիմել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, որն էլ ստանձնել է դատարանի որոշման կատարման վերահսկումը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն առաջիկա օրերին Թուրքիայից կպահանջի Դինքի գործի վերաբերյալ հավելյալ պարզաբանումներ ներկայացնել:

Դինքի ընտանիքը և Ֆեթհիյե Չեթինը համոզված են, որ թուրքական դատարանը չի պատժել իրական մեղավորներին և սպանության կազմակերպիչներին:

Մեկնաբանել