Երբ Ռուբեն Հայրապետյանի աշխատակիցները «Հարսնաքարում» ծեծելով սպանեցին բժիշկ Վահե Ավետյանին, և որպես պատիժ Հայրապետյանը Սերժ Սարգսյանի հորդորով միայն պատգամավորական մանդատը վայր դրեց, շատ էր խոսվում այն մասին, որ այս կերպ անպատժելիության մթնոլորտը Հայաստանում ամենևին էլ չի վերանալու, քանի որ սպանություններն ու խոշտանգումները պարզապես իշխանության արատավոր գործելաոճի արդյունքն են: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները պարզապես ի վիճակի չեն պայքարել իշխանության տարբեր հատվածներում բույն դրած օդիոզ դեմքերի և նրանց մերձավորների հանցագործությունների դեմ և կանխել դրանք:
Հետևանքները կանխելու պայքարը ամենևին էլ չի նշանակում, որ իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ կդադարեն վեր կանգնել օրենքներից ու Սահմանադրությունից: Այսօր արդեն լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, որ ՀՀԿ-ն ներկայացնող հերթական օդիոզ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) բենզալցակայանի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանին և նրա եղբորը: Սա ցույց է տալիս, որ Վահե Ավետյանի սպանությունից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել:
Հանցագործություն ծնող բուն պատճառների դեմ պայքարելու համար շատերի մոտ բացակայում է վճռականությունը, և գերակայում է իշխանությանը սպասարկելու հակվածությունը: Այս դեպքից ընդամենը մի քանի օր առաջ մամուլում կրկին տեղեկատվություն տարածվեց, որ քաղաքի կենտրոնում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդին վիճաբանության մեջ է մտել Խաչատուր Սուքիասյանի եղբայր Էդուարդ Սուքիասյանի հետ և հրազենով կրակել նրա ոտքին: Սակայն ամեն ինչ արվեց, որ այս տեղեկատվությունը խլացվի և հասու չդառնա հանրության լայն զանգվածներին: Իսկ իրեն սրիկաների դեմ պայքարող համարող ոստիկանապետն այդ դեպքի կապակցությամբ նախընտրեց լռության ուխտ կնքել: Քանի՞ գլխանի է, որ հետաքննի Սերժ Սարգսյանի եղբոր որդու մասնակցությամբ կատարված միջադեպը:
Հատկանշական է, որ դերասանի ծեծի թեմայով աղմկողներից շատ-շատերը ոչ մի ձայն չհանեցին Սաշիկ Սարգսյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ինչպես Սերժ Սարգսյանն է ընտրովի արդարադատություն կիրառում Հայաստանում, այնպես էլ քաղաքացիական հասարակության «ներկայացուցիչների» մի ստվար հատված ընտրողաբար պայքարում է արատավոր երևույթների դեմ՝ նախընտրելով շրջանցել պատճառները և կենտրոնանալով հետևանքների վրա: Այսպես ավելի անվտանգ է: